«Մեր ժողովուրդը վաղուց Արցախի հարցը կարգավորել է, այդ հարցն ավարտված է». Գագիկ Ծառուկյան
«Մեր ծրագրում գրված են բոլոր այն կետերը, որոնք անհրաժեշտ են ժողովրդին»,- այսօր Եղեգնաձորի ընտրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ԲՀԿ առաջնորդ, ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանը։
Ի թիվս այլ հարցերի, Ծառուկյանն անդրադարձավ նաև Արցախի խնդրին. «Մեր ժողովուրդը վաղուց Արցախի հարցը կարգավորել է, այդ հարցն ավարտված է, միայն մնում է, որ դա միջազգային ճանաչում ունենա, որ Արցախի նախագահին ոչ միայն մի քանի երկրներ ընդունեն, այլ ամբողջ աշխարհը ճանաչի և ընդունի։ Դրա համար ի՞նչ է հարկավոր. Ժամանակը ձգվում է, որովհետև մենք պետք է ունենանք հզոր, զարգացող պետություն, որ մեր հարցերն ավելի շուտ կարգավորվեն, և միջազգային ճանաչում ունենա»։
Նա խոսեց նաև հարկային քաղաքականության մասին. «Եթե մի գործարարն այսօր ունի 200 աշխատող, պետությանն էլ ամսական 10 մլն հարկ է վճարում, տնտեսական ճգնաժամի ժամանակ ի՞նչ պետք է արվի, որ այդ 200 աշխատատեղը լինի, անգործ չմնան, պետության հարկերն էլ վճարեն։ Հիմա, եթե նա 10 մլն չի կարողանում վճարել, ապա մի ամիս հետո, հնարավոր է՝ նա սնանկանա, 200 ընտանիքն էլ անգործ մնա, նպաստ ստանա։
Դրա համար տնտեսական ճգնաժամի ժամանակ կարելի է այդ 10 միլիոնը սարքել 7 մլն, որ էն 200 ընտանիքն էլ աշխատանք ունենա։ Երբ տնտեսական ճգնաժամը կավարտվի, էդ 10 միլիոնը թող դառնա 14 մլն։ Աշխարհով մեկ տնտեսական ճգնաժամի ժամանակ հարկերը թեթևացվում են, արտոնություն է տրվում հիմնական գործարարներին, որ չսնանկանան, իսկ եթե փակվեց, նորից վերականգնելու համար ժամանակ է պետք։
Այսօր տնտեսական ճգնաժամի ժամանակ պետք է բանկային տոկոսները ցածրացնել։ Մինչև 2017թ. 22 տոկոս էր, 17թ. հետո դարձավ 10-12, բայց պետք է լինի 3-4 տոկոս։ Մեզ մոտ բանկային համակարգ չկա, որը կարևորն է ժողովրդի բարեկեցության, տնտեսության զարգացման համար»։
Նա նշեց, որ պետք է պայմաններ ստեղծել, որ մարդիկ կարողանան աշխատել, իրենց բերք-բարիքը հանձնել, իսկ Եղեգնաձորի գործարանները, ըստ նրա՝ պետք է աշխատեն. «Հիմնական խնդիրները դրանք են, անլուծելի խնդիր չկա։ Ոչ միայն ներդրում պետք է անել, այլև աշխատող մարդու մատից փուշ հանել, իրենց հնարավորություն տալ. գյուղատնտեսական վարկերը պետք է լինեն 1-3 տոկոս, միայն այդ դեպքում է հնարավոր ժողովրդի մասին մտածել և նրանց աշխատելու հնարավորություն տալ»։