Գառնիկ Իսագուլյանը կոչ է անում ընտրություններին մասնակցող ուժերին՝ զերծ մնալ Արցախի հարցը խաղաքարտ դարձնելու նկրտումներից

«Մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները տարբեր լրատվամիջոցներով խնդրել, աղաչել, պաղատել էի, որ ընտրությունների ընթացքում ամենակարևորագույն հարցերից մեկը, որը հայաստանյան իրականության համար մեծ նշանակություն ունի՝ Արցախի հարցն է, որևէ կուսակցություն կամ նախընտրական դաշինք չդարձնի շահարկման առարկա, աշխատել նախընտրական շրջանում զերծ մնալ այդ հարցի քննարկումից։

Արել էի պարզ ու հստակ առաջարկ, որ կուսակցությունները կամ դաշինքներն իրենց նախընտրական ծրագրերում կարող են նշել, որ Հայաստանի Հանրապետությունն Արցախի անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխավորն է»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հորդորին՝ ուղղված Արցախի Հանրապետության նախագահին։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր որդին ծառայում է Արցախում, և նշել, որ այնտեղ չեն ծառայել նույնիսկ արցախցի բարձրաստիճան պաշտոնյաների որդիները։

Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն այս հայտարությանն ի պատասխան՝ ասել էր, որ Արցախում բարձրաստիճան բոլոր պաշտոնյաների որդիները ծառայել են։

Նիկոլ Փաշինյանն էլ հակադարձել էր Դավիթ Բաբայանին՝ Արցախի նախագահին հորդորելով կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին։
Գառնիկ Իսագուլյանի խոսքով՝ ինքը մինչ նախընտրական քարոզարշավի մեկնարկը հորդորել էր նաև քարոզարշավին չշահարկել նաև բանակի հետ կապված հարցերը, քանի որ այն զգայուն թեմա է և երկու կողմերի համար կարող է դառնալ սուր վեճի առարկա։

Նրա բնորոշմամբ՝ Արցախի հարցն այսօր դարձել է Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քննարկման միակ առարկան։ Այս ամենը Գառնիկ Իսաագուլյանը բացատրում է նրանով, որ ընտրությունները տեղի են ունենում հապճեպ, և այդ արագության մեջ կուսակցությունները ոչ միայն չեն հասցրել պատրաստվել, այլև որևէ դաշինք և կուսակցություն չի կարողացել ներկայացնել նորմալ նախընտրական ծրագիր, որտեղ արծարծված կլինեին բոլոր այդ խնդիրների լուծումները, որոնք մտահոգում են երկրին։

«Այս ամենի պատճառով բոլորը ներքաշվում են մի վեճի մեջ, որը որևէ արդյունքի չի բերելու։ Որպես ՀՀ բոլոր նախագահների հետ աշխատած մարդ, այդ թվում՝ Արցախի նախագահների, կոչ եմ անում բոլոր կուսակցություններին և դաշինքներին՝ այս շրջանում զերծ մնալ Արցախի հարցը որպես խաղաքարտ դարձնելու նկրտումներից։ Ուզում եմ ասել, որ՝ այո՛, Սասուն Միքայելյանը վրիպել է մի հարցում, որը, ցավոք, ինչպես երևում է, իրենց ներքին խոհանոցում դարձել է քննարկման առարկա, սրա վառ օրինակը Արմեն Աշոտյանի և Ռուբեն Ռուբինյանի բանավեճն էր, որի ընթացքում Ռ. Ռուբենյանը կարծես թե ուղղում էր Սասուն Միքայելյանի ասածները, բայց երկու անգամ հաստատեց  այն միտքը, որն ասել էր Ս. Միքայելյանը»,- նշեց Գ. Իսագուլյանը։

Նա նաև նշեց, որ մինչև զինադադարը բոլոր արցախցիները, առանց բացառության, եղել են ծառայության մեջ, և Արցախում աշխատած  բոլոր պաշտոնյաների  երեխաները ծառայել են։
«Գոնե հիշեք, որ Արցախի իշխանություններն այս առումով շատ պարկեշտ են և իրենց երբևէ թույլ չեն տվել որևէ պարագայում անել նման հայտարարություն»,- եզրափակեց Գառնիկ Իսագուլյանը։

Մանրամասները՝168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս