
Վրաստանի նոր նախագահը խոստացել է երկիրն առավելագույնս մոտեցնել Եվրամիությանը

Վրաստանի համար կարեւորագույն գերակայություններից մեկը Եվրամիությանն ինտեգրվելն է: Այդ մասին երկրի նախագահ ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում, որի մի մասը նոյեմբերի 30-ին ցուցադրել է թբիլիսյան Imedi հեռուստաընկերությունը:
«Ինձ Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրել են այն երկրի բնակիչները, որի համար շատ կարեւոր է վերադարձը եվրոպական ընտանիք եւ եվրոպական ինտեգրացումը: Պաշտոնավարման ընթացքում ես իմ ողջ փորձը կօգտագործեմ այն բանի համար, որ Վրաստանն առավելագույնս մոտենա Եվրամիությանը կամ դառնա ԵՄ-ի անդամ»:
«Վրացական երազանք» իշխող կուսակցության աջակցությունը վայելող անկախ թեկնածու Զուրաբիշվիլին հաղթանակ է տարել նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, որն անցկացվել է նոյեմբերի 28-ին:
Նա հավաքել է ձայների 59,52 տոկոսը, Միխեիլ Սահակաշվիլիի կողմնակիցների «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից նրա մրցակից Գրիգոլ Վաշաձեն ստացել է ձայների 40,48 տոկոսը: Նոր նախագահի պաշտոնակալությունը կկայանա դեկտեմբերի 16-ին, Զուրաբիշվիլին այդ պաշտոնն զբաղեցնելու է մինչեւ 2024 թվականի աշուն: