ԱՄՆ-ի սահմանին միգրանտների քարավանից կանայք հացադուլ են հայտարարել. Politico
Մեքսիկա-ամերիկյան սահմանին գտնվող միգրանտների ճամբարում Կենտրոնական Ամերիկայից տասը կանայք հացադուլ են հայտարարել՝ ԱՄՆ-ի իշխանություններից պահանջելով իրենց թույլ տալ ապաստանի տրամադրման խնդրագիր ներկայացնել: Այդ մասին հայտնել է Politico թերթը:
«Եթե մեզ ոչ ոք չի լսում, մենք որպես կանանց շարժում, որոշում ընդունեցինք հացադուլ սկսել»,- մեջբերում է հրատարակությունն ակցիայի մասնակից կանանցից մեկի խոսքը, որը ծնունդով Հոնդուրասից է: «Ավելի վատ բան չկա, քան փախուստի մեջ ապրելը՝ տառապելով սովից: Մենք չենք վախենում»,- հավելել է մի ուրիշ կին: Կենտրոնական Ամերիկայից արդեն ավելի քան 6 հազար միգրանտներ են ժամանել Մեքսիկայի Տիխուանա քաղաքի մոտ՝ ԱՄՆ-ի սահմանի մերձակայքում՝ Միացյալ ՆԻահանգների տարածքում ապաստան ստանալու հույսով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ միգրանտների զանգվածային հոսքը դեպի ԱՄՆ-ի սահմաններ համարել է «ներխուժման փորձ» եւ բոլոր ժամանած միգրանտներին կոչ է արել վերադառնալ հայրենիք, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: