Փոխառություններ, դրամական միջոցներ ու «LEXUS GX 460». Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի ունեցվածքը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Երեւանի Էրեբունի վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արման Աբրահամյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է 2 բնակարան եւ հողամաս:

Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք նաեւ, որ Ա. Աբրահամյանը հայտարարագրել է նաեւ «LEXUS GX 460» մակնիշի ավտոմեքենա:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ պաշտոնատար անձի հանձնած փոխառությունները կազմել են 20000 ԱՄՆ դոլար, 200 եվրո եւ 60000 ՀՀ դրամ:

Իսկ դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 10 000 000 ՀՀ դրամ, 30 000 ԱՄՆ դոլար, 20 000 եվրո: 2018թ. հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 1 436 000 ՀՀ դրամ: 996 000 ՀՀ դրամը եւ 390 000 ՀՀ դրամ եկամուտները նա ստացել է աշխատավարձերից: Այլ եկամուտներ բաժնում էլ նշված է 50 000 ՀՀ դրամի մասին:

Նշենք, որ Ա. Աբրահամյանը 1997– 2008 թթ. աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում, իսկ 2008 –2018թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ: 2018 թ. հունիսին աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում, իսկ արդեն հոկտեմբերի 22–ին նշանակվել Էրեբունի վարչական շրջանի ղեկավար»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս