Քարոզարշավի վերջին օրերին գործի են դրվելու իշխանական լծակները. կրկին խաղի մեջ է մտնելու ԱԱԾ-ն. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Մինչ քարոզարշավում, բառի բուն իմաստով, բզկտվում են Արցախն ու բանակը, ներհայաստանյան շատ խնդիրներ դուրս են մնում քննարկումների ծիրից: Տարբեր մարզերի քաղաքացիների հետ հանդիպումներում պետք է, որ հստակ նրանց խնդիրներից խոսվի, առաջիկա տարիների զարգացման ծրագրերից, սակայն ոչ, քարոզարշավը լիովին այլ տրամաբանության մեջ է:
Այս օրակարգը թելադրում է օրվա իշխանությունն ու հետեւողականորեն առաջ տանում, որին մասնակից է դառնում միայն մեկ ուժ` նախկին իշխանությունը ներկայացնող ՀՀԿ-ն: Ընտրությանը մասնակցող մյուս ուժերը եւ հասարակությունը դիտորդի դերում են:
ՀՀԿ-ն ու «Իմ քայլը» մրցահարթակի վրա են, իրար ջախջախում են, որից հասարակությունը ոչ մի օգուտ չունի, առավել գիտակ հատվածն էլ, որ գաղափարների, տեսլականի պահանջ ունի, հիասթափված է: Ոչ ոք չգիտի` առաջիկա 5 տարում իշխանությունն ինչպես է փոխելու իր կյանքը: Փոխարենը լսում է` սթափվեք, Արցախի կառավարության ներկայացուցիչներ, գյուղապետերի վզից բռնած դուրս ենք շպրտելու, երկա՜ր ժամանակով ենք ասֆալտին փռելու…
Սակայն սա չէ միակ մեխը, որ իշխանությունը քարոզարշավին օգտագործելու է: Մեր տեղեկություններով, քարոզարշավի վերջին օրերին գործի են դրվելու իշխանական լծակները, եւ կրկին խաղի մեջ է մտնելու ԱԱԾ-ն: Անակնկալ թղթապանակ է պատրաստվել, ԱԱԾ, ՀՔԾ բացահայտումների տրցակ: Հասարակությանը կփորձեն ցույց տալ, թե քանի նախկին իշխանականների են ասֆալտին փռել ու ի՜նչ մեծ բացահայտումներ են արել:
Այնպես որ, ծրագրային քննարկումների հույս չունենաք»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: