Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահի տեղակալին
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահի՝ տնտեսական հարցերի վերահսկողության գծով տեղակալ Ալի Ֆարհադի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, ՔԿ նախագահը բարձր է գնահատել Քննչական կոմիտեի և ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության միջև առկա սերտ համագործակցությունը, որի հիմքը հանդիսանում է նախկինում երկու մարմինների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը:
Քննչական կոմիտեի նախագահը վստահեցրել է, որ հայկական կողմն իր գլխավորությամբ ջանք չի խնայելու ԻԻՀ իրավապահ մարմինների հետ սերտ համագործակցությունը տարբեր ուղղություններով խորացնելու գործում:
Իրանի Իսլամական Հանրապետության վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահի՝ տնտեսական հարցերի վերահսկողության գծով տեղակալ Ալի Ֆարհադին շնորհակալություն է հայտնել ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գիգորյանին ջերմ ընդունելության համար:
Հանդիպման ընթացքում Ալի Ֆարհադին ներկայացրել է իրենց կազմակաերպության գործառույթները և հայտնել ՀՀ Քննչական կոմիտեի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին:
Հանդիպման ժամանակ քննարկվել է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական ստորաբաժանումների վարույթում ԻԻՀ քաղաքացիների նկատմամբ և նրանց մասնակցությամբ քննվող կոնկրետ քրեական գործերի ընթացքի վերաբերյալ հարցեր:
Քննչական կոմիտեի նախագահը հայտնել է, որ ԻԻՀ քաղաքացիների մասնակցությամբ և նրանց նկատմամբ քննվող քրեական գործերը գտնվում են իր ուշադրության կենտրոնում, և իր հանձնարարությամբ ՀՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունների գործունեությունը վերահսկող գլխավոր վարչության մեկ աշխատակից ամենօրյա կտրվածքով ՀՀ-ում ԻԻՀ դեսպանությանը փոխանցում է յուրաքանչյուր գործի վերաբերյալ ստացվող տեղեկատվությունը:
Կողմերը հանդիպման ընթացքում կարևորել են նաև քրեական գործերով նախաքննության ընթացքում տեղեկատվության փոխանակումն առավել օպերատիվ կազմակերպելու հարցը: