«Ես ուրախ եմ, բայց դրա մասին հենց նոր ձեզնից իմացա». Մեսսին՝ ՉԼ-ի ռեկորդի մասին
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կիսվել է տպավորություններով Չեմպիոնների լիգայի խմբային փուլում ՊՍՎ-ին հաղթելուց հետո (2:1): Մեսսին այս խաղում դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
Ի դեպ, արգենտինացի ֆուտբոլիստը մեկ ակումբում խփած գոլերի քանակով շրջանցեց Կրիշտիանու Ռոնալդուին և դարձավ ռեկորդակիր:
«Պիկեի գոլի դրվագում մենք չէինք պայմանավորվել: Իմ հարվածը պարզապես չստացվեց: Բայց շատ լավ է, որ Պիկեն կողմնորոշվեց և մենք գոլի հեղինակ դարձանք:
Ես ուրախ եմ իմ նվաճման համար: Ես ուրախ եմ, բայց դրա մասին հենց նոր ձեզնից իմացա:
Մենք հասանք մեր նպատակին՝ լինելով խմբի առաջին հորիզոնականում: Մենք շատ ուրախ ենք, քանի որ մեր արտագնա խաղերը բարդ էին»,- նշել է Մեսսին:
Մեկ ակումբի կազմում խփված գնդակների թվով սա Մեսսիի առաջին ռեկորդը չէ: Նոյեմբերի սկզբին Լիոնել Մեսսին «Բետիսի» հետ խաղում (3:4) ակումբի կազմում հեղինակել է իր 566-րդ գոլը:
Սա պատմության մեջ լավագույն ցուցանիշներից մեկն է:
Ըստ այդ ցուցանիշի՝ Մեսսին այժմ երկրորդն է և զիջում է միայն բրազիլիացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեին, ով «Սանթոսի» կազմում 643 գոլ է խփել:
Մեսսիից հետո ցուցակում են նաև Գերդ Մյուլլերը («Բավարիա», 565 գոլ), Էյսեբիոն («Բենֆիկա», 473 գոլ), Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ», 450 գոլ), Յան Ռաշը («Լիվերպուլ», 349 գոլ) և այլք:
Սիրարփի Աղաբաբյան