«Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանը չի կարող կոշտ լինել, փոխարենը՝ կոշտ կարող են լինել «Սասնա ծռերը»». Արա Պապյան

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունն այն կուսակցությունն է, որն Արցախի հարցում հաստատ ասելիք ունի։ Նույնն էլ արդարության հարցում, սա այն կուսակցությունն է, որը կանգնած է այդ արդարությունը՝ հեղափոխությունը մինչև վերջ տանելու գծի վրա, պետք չէ կեսից հետ կանգնել և ասել, որ, եթե հները՝ հանրապետականները, գնացել են, ուրեմն ամեն ինչ լավ կլինի: Այդպես չէ, հաճախ քանդելն ավելի հեշտ է, քան նորը կառուցելը»,- Արագածոտնի մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Սասնա ծռեր» կուսակցության համակիր, քաղաքագետ Արա Պապյանը։

Նա նշեց, որ նորը պետք է կառուցվի, քաղաքականություն գան նոր ուժեր ու մարդիկ, և ամեն ինչ պետք է սկսել խորհրդարանից, որպեսզի գոնե սկզբից օրենքները ճիշտ լինեն, որից հետո արդեն խոսեն դրանց իրականացումից։

Արա Պապյանը կոչ արեց, որպեսզի բնակիչներն իրենց վստահության քվեն տան այն մարդկանց, որոնք արդեն ապացուցել են, որ երկրի  համար պատրաստ են իրենց կյանքը զոհելու։

«Խորհրդարանը նման է ընտանիքի, եթե բոլորն այդ ընտանիքից են, ապա մեկը մյուսի դեմ չի խոսելու։ Պետք է տարբեր լինեն, որպեսզի մեկը մյուսին ասի, որ սխալ է։ Դեռ այսօր թող որևէ կուսակցության անդամ խորհրդարանում խոսի իր կուսակցության դեմ, հաջորդ օրը կհանեն կուսակցության շարքերից։ Մենք տեսանք, որ Դաշնակցության ներկայացուցիչը դեմ խոսեց Նիկոլին, խորհրդարանից ու կուսակցությունից հանեցին, հիմա սա է կուսակցությունների դրվածքը։ Ձեր խղճով մտածեք և ձեր շահի համար քվեարկեք»,- շեշտեց Ա. Պապյանը։

Կարդացեք նաև

Անդրադառնալով Արցախի հարցին, Ա. Պապյանը նկատեց, որ այս հարցում Ն. Փաշինյանը չի կարող կոշտ լինել, փոխարենը՝ կոշտ կարող են լինել «Սասնա ծռերը», որի պարագայում Նիկոլ Փաշինյանը կարող է ասել, որ չի կարող հողեր հանձնել, քանի որ ժողովուրդը դեմ է։

«Երբ Փաշինյանն ասում է, որ Արցախի հարցը կլուծենք անպես, ինչպես ժողովուրդն է ուզում, բա ժողովրդի ձայնը ո՞վ է հնչեցնելու, պետք է լինեն ինչ-որ կուսակցություններ, որ այդ բանն անեն կամ պետք է լինեն կուսակցությններ, որոնք կասեն, որ այս կոռուպցիայի դեմ պայքարը բավարար չէ, ավելի շատ խոսում եք, քան գործ անում, այդ բռնել ու բաց թողնելուն վերջ տվեք»,- նշեց Ա. Պապյանը։

Նա խոսեց նաև «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանի այն հայտարարության մասին, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն ավելի կարևոր է, քան Արցախի ազատամարտը։ Արա Պապյանի կարծիքով՝ հեղափոխությունը կարևոր էր, սակայն այն Արցախի ազատամարտի հետ համեմատելը տեղին չէր։

Ըստ նրա, եթե չլիներ Արցախի հաղթանակը, ապա այսօր Զանգեզուրը չէր լինի, և պատերազմն արդեն հասած կլիներ Արագածոտնի մարզ, ուստի Արցախը պաշտպանելով՝ պաշտպանել են ամբողջ Հայաստանը։

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիրներից Ժիրայր Սէֆիլյանն էլ դիմելով հավաքվածներին՝ նշեց, որ այս ընտրություններին ժողովրդի ձայնը տեղ կհասնի, և այդ պատճառով էլ իրենք մասնակցում են ընտրություններին:

«Եթե համոզված չլինեինք, ապա ընտրություններին չէինք մասնակցի»,- ասաց Ժ. Սէֆիլյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս