«Սպասվող ընտրությունները փակուղի են մտցնում հենց Փաշինյանին ու նրա կողմնակիցներին». Տրոֆիմչուկ

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման որոշումն արդեն ուշացած է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովին, որի ընթացքում կրկին քննարկվելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին Աստանայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարները չէին կարողացել պայմանավորվել կազմակերպության նոր քարտուղարի թեկնածուի շուրջ։ Ավելին, ՀԱՊԿ նիստից հետո Ղազախստանի և Բելառուսի նախագահները պնդեցին, որ գլխավոր քարտուղար պետք է դառնա Բելառուսի ներկայացուցիչը, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին ընդգծեց, որ Հայաստանը պետք է ղեկավարի կազմակերպությունը մինչև 2020 թվականի հունվար ամիսը: Սրան հետևեց Փաշինյան-Լուկաշենկո քաղաքական «փոխհրաձգությունը»:

Գրիգորի Տրոֆիմչուկի խոսքով՝ ՀԱՊԿ-ը պետք է որոշում կայացներ դեռ նախորդ գագաթաժողովի ընթացքում, որը կայացավ Աստանայում: Ներկայումս, նրա գնահատմամբ, այդ որոշումը, այսպես թե այնպես, ուշացած է: «Այսինքն` ցանկացած պարագայում Նիկոլ Փաշինյանը հայտնվում է հաղթողի կարգավիճակում: Եթե այդ օրը ՀՀ ներկայացուցիչը գլխավոր քարտուղար չնշանակվի, ապա այդ որոշումը հավելյալ բացասական ազդեցություն կունենա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա: Եթե (պատկերացնենք նման բան) ՀԱՊԿ ղեկավար նշանակվի ՀՀ նոր ներկայացուցիչ, դա կնշանակի, որ Փաշինյանն ամեն դեպքում կարողացավ իրեն «ենթարկեցնել» Եվրասիայի ռազմաքաղաքական կառույցը: Նա «հաղթող» կլինի, այդ թվում՝ այն դեպքում, երբ այս անգամ ևս նշանակումը հետաձգվի»,- ասաց Տրոֆիմչուկը:

Խոսելով ներքաղաքական զարգացումներից և պաշտոնապես մեկնարկած նախընտրական քարոզարշավից` ռուս քաղաքագետն ասաց, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ավելի ու ավելի ծանր է դառնում և ոչ թեթև, ինչպես գուցե ոմանց թվա, սակայն Նիկոլ Փաշինյանի հակառակորդները դեռ նախընտրում են լրջորեն «չերևալ»:

Ըստ նրա, նրանք սպասում են, թե երբ կգա առաջին լուրջ ճգնաժամը, և առաջին հերթին՝ վստահության ճգնաժամը քաղաքացիների հիմնական, կրիտիկական կարևոր զանգվածի մոտ:

«Այդ ժամանակ կսկսվի իրական հակազդեցություն «նոր ռեժիմին»: Ի դեպ, սպասվող ընտրությունները փակուղի են մտցնում հենց Փաշինյանին ու նրա կողմնակիցներին, այլ ոչ թե Նիկոլ Վովաևիչի հակառակորդներին, քանի որ արդյունքների բացակայությունը վերագրել ինչ-որ կոռուպցիոներների՝ մեկ ամսից չի հաջողվելու: Իսկ արդյունքներ չեն լինելու, դա պարզ է արդեն հիմա. հետսովետական տարածքում շատ են եղել նմանատիպ օրինակներ պարզ բանաձև ձևակերպելու համար: Ինքնին քարոզարշավը քիչ թե շատ սովորական է լինելու, քանի որ մնացած բոլորը սկսվելու է դրանից հետո: «Թավշյա հեղափոխությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններով ամենևին էլ չի ավարտվի:

Ուստի Նիկոլ Փաշինյանի աջակիցների մեծամասնությունը խորհրդարանում հատուկ, ռազմավարական նշանակություն չի ունենա: Լիդեր քաղաքական ուժի սեփական երաշխիքների համար հարկավոր է փոխել տարիֆները և գները, կոպիտ ասած՝ «կերակրել» մարդկանց: Իսկ քվեատուփերի տակ, ինչպես հայտնի է, ոչ ուտելիք կա, ոչ էլ էժան բենզին»,- ասաց Տրոֆիմչուկը:

Տեսանյութեր

Լրահոս