Բաժիններ՝

«Պետք չի տանը նստել ու մտածել` ինչ է լինելու, պետք է գնալ և քվեարկել». Վիգեն Սարգսյան

«Ես միշտ շատ դեմ եմ եղել սև-սպիտակ բաժանմանը: Ես կարծում եմ, որ այդ բաժանումը շատ վտանգավոր է, և հիմա մեր կողմից այդ սև-սպիտակի էպոտաժային շեշտադրումը պատասխանն է այն անպատասխանատու վերաբերմունքի, որը դրսևորեցին վարչապետը և քաղաքապետի թեկնածուն քաղաքի ընտրությունների ժամանակ»,- այս մասին երեկ Live News-ի եթերում խոսել է ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը:

Կարմեն Դավթյանի այն դիտարկմանը, թե եթե Վ. Սարգսյանը ոչինչ էլ ավելին արած չլիներ, միայն Հայոց մեծ եղեռնի 100-ամյակի միջոցառման անթերի կազմակերպումն ու անցկացումը բավական կլինեին նրան երախտիքի խոսքեր ասելու համար, պաշտպանության նախկին ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարն ասաց, որ երբ իրեն հանձնարավեց այդ միջոցառման կազմակերպումը, ինքը ծանր ընդունեց, որովհետև հասկանում էր, թե քանի միլիոն մարդու համար էր այն առանցքային ու անձնական միջոցառում լինելու: Եվ բացի դրանից, խնդիր էր դրված մեր ողբերգությունը դարձնել Վերածննդի խորհրդանիշ:

«Ես շնորհակալ եմ գնահատանքի համար, բայց բոլոր մարդիկ, ովքեր ներգրավվեցին ու աշխատեցին, իրոք բացառիկ դեր ունեցան դրա մեջ: Սրբադասման` եկեղեցու որոշումն ուղղակի բացառիկ էր, դրանից շաբաթներ առաջ Հռոմի Պապի` Սուրբ Գրիգոր Նարեկացուն տիեզերական վարդապետ հռչակելու որոշումը` նույնպես, Հանրապետության հրապարակում System of a Down (SOAD)-ի համերգը, համալիրում տեղի ունեցած ֆորումը. Ես կարծում եմ սա մեծ հաղթանակ էր մեր ժողովրդի համար, և շնորհակալ եմ, որ այդ հնարավորությունը ինձ էր ընձեռվել, որովհետև դա իմ կյանքում ամենամեծ նվաճումներից մեկն էր»,- Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները վերհիշեց Վիգեն Սարգսյանը:

ՀՀԿ 1-ին փոխնախագահը նշեց նաև, որ երկրի առջև ծառացած խնդիրներն ավելի մեծ են, քան առաջին հայացքից կարող է թվալ, և յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակում Հանրապետականն անելու է ամեն ինչ` դրանք չեզոքացնելու համար, որովհետև այն, ինչ կարելի է անել այսօր, ամիսներ անց կարող է չստացվել անգամ եռակի ջանքեր գործադրելու պարագայում, հետևաբար հիմա մինչև վերջ մոբիլիզացվելու և ներդրվելու պահն է:
«Հիմա յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ իր ձայնից կախված է շատ բան: Պետք չի տանը նստել ու մտածել` ինչ է լինելու, պետք է գնալ և քվեարկել»,- առաջիկա ընտրություններին մասնակցելու կոչ արեց Վիգեն Սարգսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս