«Դավիթ Տոնոյանը հայրենիքին նվիրված մարդ է, բայց նրան նախարարի պաշտոնում ներկայացնելիս չգնացի, որովհետև այդ թուրն ինձ Փաշինյանը չէր տվել, որ հետ տայի իրեն». Վիգեն Սարգսյան
«ՀԱՊԿ-ից մենք շատ-շատ բան ենք ստացել: ՀԱՊԿ-ում մենք նախաձեռնել ենք և ընդունել փաստաթղթեր, որոնք մեզ թույլ են տալիս ներքին արտադրողի գներով ձեռք բերել զենք-զինամթերք: Դա շատ կարևոր է, որովհետև մոտավորապես 1/3-ին կարող է փոխել հարաբերակցությունը: Ես բազմիցս ասել եմ, որ չեմ մեկնաբանում մեր Զինված ուժերին վերաբերող հարցեր` որպես նախկին պաշտպանության նախարար, բայց, Աստված մի արասցե, անհարժեշտության դեպքում միշտ պատրաստ եմ կանգնել մեր գերագույն գլխավոր հրամանատարի կողքին:
Ես շատ ամուր պաշտպանության նախարար եմ եղել, որովհետև ունեցել եմ գերագույն գլխավոր հրամանատար, ով բանակը գիտեր զորամաս առ զորամաս, հրամանատար առ հրամանատար, և ինձ հեշտ էր ստանալ այն լուծումները, որոնք բանակն ավելի ուժեղ պիտի դարձնեին` սկսած ֆինանսավորումից, մինչև ենթակառուցվածք և սպառազինություն»,- Կարմեն Դավթյանի «Վերջնախաղ Կարմենի հետ» հաղորդման եթերում երեկ ասել է ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը:
Նա նշել է նաև, որ լինելով պաշտպանության նախարար` նա հասկացել է, որ բանակը չի կարող այլ կերպ զարգանալ, քան հասարակության յուրաքանչյուր անդամի` անվտանգության համակարգում իր տեղն ու դերը ֆիքսելուց: Դա ազգ-բանակի առանցքն է:
«Նիկոլ Փաշինյանը չի քննադատել 1000 դրամների օրենքը և անգամ կողմ է քվեարկել դրան` ակտիվորեն սատարելով ու բանակի հանդեպ վերկուսակցական շատ լավ օրինակ ցույց տալով, բայց հետո նա` որպես ընդդիմություն, բազմիցս խախտել է կոնսենսուսը և նույնիսկ այն դեպքերում, երբ ես` որպես պաշտպանության նախարար ստեղծել եմ բոլոր հիմքերը փոխգործակցության համար, նախընտրել է հանրային քննադատությունը, քան գործնական փոխգործակցությունը: Պետք է ասեմ, որ բանակում աշխատած, ծառայած ամեն օրը չեմ փոխի իմ հանրային ծառայության ողջ ճանապարհի հետ: Այնպիսի քաղաքացիներ, որ մենք ունենք Զինված ուժերում, մենք չունենք հանրային ծառայության որևէ այլ հատվածում»,-բանակի թեման շարունակել է Վիգեն Սարգսյանը:
Պատասխանելով այն հարցին, թե իր` պաշտպանության նախարար եղած ժամանակ, որևէ կոռուպցիոն գործ բացահայտվել է արդյոք, Վ. Սարգսյանն ասել է, որ ներկայումս քննվող տասնյակ կոռուպցիոն գործեր իրավապահ մարմիններին են ուղարկվել իր օրոք:
«Մենք ներկայիս պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ շատ երկար ժամանակ է, որ ծանոթ ենք: Ինքը հայրենիքին նվիրված մարդ է: Դավիթ Տոնոյանի նախարարի պաշտոնում ներկայացնելիս չգնացի, որովհետև այդ թուրն ինփ Փաշինյանը չէր տվել, որ հետ տայի իրեն, իսկ մարտական դրոշը ես փոխանցեցի և այդ արարողությունը ես նախաձեռնեցի: Ավելի կարևոր և գեղեցիկ էր այն, որ մենք մոտ 10 ժամ նոր նշանակված նախարարի հետ խոսել ենք յուրաքանչյուր ծրագրի և յուրաքանչյուր կետի մասին: Իմ չգնալը հասկանալի էր, որովհետև ես չէի ընդունում այն ձևը, որով կատարվել էր իշխանափոխությունը»,-պաշտպանության նոր նախարարին ներկայացնելիս իր չգնալու պատճառները մեկնաբանեց նախկին նախարարը: