«Ե՞րբ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հարուցած քրեական գործը սառեց: Ե՞րբ: Չհամընկա՞վ դա Մոսկվայից ինչ-որ բանի հետ». Արմեն Աշոտյան
«Կառավարությունը որոշել է բոլոր ՊՈԱԿ-ների փողերը տանոլ և կուտակել գանձապետարանում: Ինչի՞ համար: Որովհետև փողը քիչ է արդեն: Սոցիալական խնդիրները լարվելու են, արտաքին մթնոլորտը հայանպաստ չէ, Արցախի շուրջ ակնհայտ ամպեր են կուտակում, ՀԱՊԿ-ում խնդիրներ են առաջացել: Սա մտահոգիչ չէ՞: Եթե մենք մաչո վարչապետ ուզեինք, կընտրեինք Դեն Բիլզերյանին: Արտաքին քաղաքականությունը պետք է էֆեկտիվ լինի: Այն չես կարող իրականացնել շոուի տրամաբանությամբ: Մենք չենք թիրախավորել հայ-ռուսական հարաբերություններն ու ՀԱՊԿ-ը, որովհետև նույն վիճակն է նաև Եվրամիությունում: Թրամփի հետ որ Բրյուսելում պատահական բարև տվեցին, աղմուկ արեցին, որ շուտով հայ-ամերիկյան հարաբերությունները գնալու են, զարգացնեն, ինչ-որ բան եղա՞վ: Թեպետ եղավ. Բոլթոնն եկավ այստեղ ու ասաց` հայ-իրանական սահմանը կփակեք»,- երեկ 24News-ին տված իր հարցազրույցում ասել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը:
Ըստ նրա` բազմաթիվ են խնդիրները: Ոչ մի տեղ և հատկապես արտաքին քաղաքական բլոկում Նիկոլ Փաշինյանը հաջողության պատմություն չունի:
«Ինչ վերաբերում է Ռուսաստանի` մեր ներքին գործերին միջամտելուն: Այդ ե՞րբ են միջամտել: Հետևողական լինելու համար գրաֆիկ արեք: Ե՞րբ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հարուցած քրեական գործը սառեց: Ե՞րբ: Չհամընկա՞վ դա Մոսկվայից ինչ-որ բանի հետ: Էն բումը, մեծ-մեծ խոստումները, հետևողականությունը, որ Մարտի մեկի գործը բացահայտված է, ի՞նչ եղավ: Գրաֆիկ կազմեք` Քոչարյանի գործ-Ռուսաստանից եկող ազդակներ: Բա Նիկոլ Փաշինյանը Փանիկի դեպքը սարքեց համաշխարհային պատմություն, նախ և առաջ իր Կառավարության անփութության, անաշխատունակության, նախարարությունների միջև աշխատանքային պրոցեսների պատճառով առաջացած միջադեպը սկանդալի առիթ դարձրեց Կառավարության նիստում` ասելով, թե սա սադրանք էր, և մեղավորները պետք է պատժվեն: Մեղավորի անուն լսել ե՞ք, պատժվել է՞ որևէ մեկը: Մեր վարչապետը գործում է սերիալի տրամաբանությամբ. Էնքան արագ է ամեն ինչ փոխվում, որ նախորդ սերիաներն էլ չես հիշում»,- նկատեց Ա. Աշոտյանը:
Վերջինս շեշտեց նաև, որ ակնհայտ է, որ ՀՀԿ-ն չի հավակնում ԱԺ արտահերթ ընտրություններում զբաղեցնել առաջին տեղը, հետևաբար բարեփոխումներ անում է գործադիր իշխանությունը, բայց իրենց թիմն անփոխարինելի է խորհրդարանական դիվանագիտության մեջ, այսինքն` արտաքին քաղաքականության մեջ Հանրապետականի փորձը, կադրերը, գիտելիքները ոչ ոք չունի: Սա իրենց առաջին առավելությունն է: Երկրորդը` ազատություններ և իրավունքներ, իրական ժողովրդավարություն: Երրորդը` սոցիալ-տնտեսական զարգացման տեսլականը, որ իրենց թիմի մոտ ամենաուժեղներից է, և չորրորդը` Արցախ, որի թեման իրականում պետք է առաջին պլան բերել:
«Մենք Խորհրդարանում ենք լինելու` որպես Արցախի հարցի վրա պուլսը պահող ուժ: Ես չեմ ուզուրպացնում այս խնդիրը, որովհետև վստահ եմ, որ բազմաթիվ հայրենասեր մարդիկ կան, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանի ցուցակում: Խոսքը քաղաքական գծի մասին է: Մենք ԱԺ-ում ենք լինելու Արցախի համար, Հայաստանը արտաքին աշխարհում պատկառելի ներկայացնելու համար, մենք այնտեղ ենք լինելու Հայաստանի քաղաքացում երաշխավորելու համար իր քաղաքական, սոցիալական և տնտեսական իրավունքները»,-եզրափակեց ԱԺ արտաքին արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողվի նախագահը: