«Որևէ մեկը վիճո՞ւմ է, որ Հանրապետականի կադրերն ավելի լավն են, քան Նիկոլ Փաշինյանինը: Որևէ մեկը կարող է դա վիճարկե՞լ». Արմեն Աշոտյան
«Հաշվի առեք նաև այն իրավիճակը, որ ստեղծված է Արցախի շուրջ: Այդ ինչպե՞ս է լինում, որ Սանկտ-Պետերբուրգի, Ժնևի, Վիեննայի պայմանավորվածությունները, գրավոր, միջազգային դիտորդներով, ԵԱՀԿ Մինսկի խմբով ամրագրված, չէին կատարվում, իսկ Դուշանբեի` վերելակում ձեռքսեղմոցին Ալիևի հետ հանկարծ բերեց որոշակի սահմանային լարվածության թուլացման: Լավ է, որ զինվորները չեն զոհվում, շատ լավ է, որ այսօր քիչ են կրակում, բայց էստեղ չեք տեսնո՞ւմ աշխարհաքաղաքական վիճակ, չեք տեսնո՞ւմ, որ Ալիևին ասվել է, որ Նիկոլ Փաշինյանին մինչև ընտրություններ ժամանակ տա: Խորհրդարանական ընտրություններն արագացնելու Նիկոլ Փաշինյանի միանձնյա, միահեծան որոշումը, բռնի ուժով Խորհրդարանը փաստացի լուծարելը պայմանավորված է ոչ միայն այն հանգամանքով, որ նրավարկանիշը ամիս-ամիս ընկնում է, այլ նաև այն հանգամանքով, որ դրա հետևում կա աշխարհաքաղաքական խաղ, և այս վտանգները մենք չպետք է անտեսենք»,-նոյեմբերի 24-ին 24News-ի եթերում հայտարարեց ՀՀԿ համամասնական ցուցակի 5-րդ համար Արմեն Աշոտյանը:
Նա նշեց նաև, որ խնդիրն այն չէ, թե իրենք կլինեն ապագա Խորհրդարանում թե ոչ, թեպետ վստահ են, որ իրենց կընտրեն: Խնդիրն այն է, որ 7 ամիս անց մարդիկ արդյունքներ են սպասում: Գուցե Կառավարությունը չի՞ կարողանում աշխատել, գուցե պտղաբեր չի՞: Ո՞ւր են այն խոստումները:
«Մենք գիտեինք, որ նա սուտ է խոսում ապրիլ-մայիս ամիսներին, հիմա եկել է, փորձում է արդարանալ, և տեղեկատվական խողովակներով հասցնում է, որ 6 ամսվա մեջ հնարավոր չէ: Իհարկե, հնարավոր չէ: Բա ինչի՞ էիր խաբում, ընկեր: Ինչի՞ էս մարդկանց խաբեցիր, որ 6 ամսվա մեջ ամեն ինչ կդզես, կփչես, կբերես նորմայի, որ ավելի լավ ու երջանիկ կապրեն, ու այսօր դա չկա: Մարդիկ դժգոհ էին, մենք գնացինք: Երկրորդ տեղեկատվական մանիպուլյացիան, քանի որ էլի ոչ մի նոր բան չունի ասելու, այն է, որ մարդկանց մեջ երթի միջոցով փորձում է արթնացնել ապրիլյան ոգևորությունը, ուրախության ու հավատի մթնոլորտը, քանի որ այլ բան չունի անելու»,- հիշեցրեց ԿԳ նախկին նախարարը:
Վերջինս շեշտեց նաև, որ իրենց պարտադրվեց ատելության խոսքը, ատելության մթնոլորտը, սև-սպիտակի բաժանումը, անհանդուրժողականությունը, թիրախավորեցին բոլորին, ովքեր հանդգնում են խոսել Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության դեմ:
Ա. Աշոտյանի կարծիքով` սա ժողովրդավարություն չէ, երբ որ փաստարկված քննադատությունը պետք է դառնա սև PR-ի թիրախ, ինքնիր երեխաների համար այսպիսի հայրենիք չի ուզում, և այս ամենն անցողիկ է:
«Որևէ մեկը վիճո՞ւմ է, որ Հանրապետականի կադրերն ավելի լավն են, քան Նիկոլ Փաշինյանինը: Որևէ մեկը կարող է դա վիճարկե՞լ: Կադրային ու քաղաքական սնանկություն, քաղաքական օրակարգի բացակայություն. Սա է իրենցը: Ես չունեմ հակառակորդ քաղաքական դաշտում, ես ունեմ մրցակից, որի հետ փորձում ես խելքի կռիվ տալ, ինքը քեզ գոտկատեղից փորձում է խփել: Դու իրեն փորձում ես դեմ- դիմաց քաղաքական հարցեր տալ, ինքը քեզ մեջքից է խփում, դու նրան քաղաքական դաշտ ես փորձում տանել, ինքը մտնում է քո անձնական ու ընտանեկան կյանք: Բոլորը սրա համար պատասխան են տալու: Գալու է ժամանակ, երբ մարդիկ կամաչեն, որ իրենք ներառված են եղել այս վակխանալիայի մեջ, Ֆեյսբուքից արագ ջնջելու են իրենց այդ ժամանակվա նկարները»,- հավելեց Ա. Աշոտյանը:
Աժ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահը նկատեց նաև, որ սին էին նաև բոլոր այն խոստումները, թե այս հեղափոխությունը կապիտալիզացվելու է արտաքին աշխարհում, որովհետև հնարավոր չէ նշել դրա գեթ մեկ օրինակ: Ֆրանկոֆոնիան ՀՀԿ շնորհիվ եղած միջոցառում է, Մերկելի այցն իրենց օրոք եղած պայմանավորվածության արդյունք է, Եվրամիություն-Հայաստան համաձայնագիրը իրենց օրոք կնքնված և մինչև այժմ Հայաստանի կողմից կյանքի չկոչված համաձայնագիր է:
Ըստ Ա. Աշոտյանի` այս Կառավարությունը մսխում է իրենց օրոք ստեղծած քաղաքական կապիտալը բոլոր ուղղություններով, բոլոր ասպարեզներում անխտիր: