«Մարդիկ հավատացին Փաշինյանին, որովհետև նա դժվար հարցերին տալիս էր հեշտ պատասխաններ, և հերթական անգամ խաբվեցին». Արմեն Աշոտյան
«Մեր կարգախոսը թիմային մտագրոհի արդյունք է, և դրա ոճաբանությունը, գունային լուծումները որոշվել են թիմային աշխատանքի արդյունքում, և այն այսօրվա համար շատ դիպուկ է: Եթե մտահոգ ես այսօրվա ստեղծված իրավիճակով, եթե մտահոգ ես չկատարված խոստումներով, Հայաստանի մտահոգությամբ, եթ մտահոգ ես Արցախի ապագայով, բանակի ամրությամբ, գների աճով, աշխատանքդ կորցնելու հեռանկարով, ընտրիր Հանրապետականին: Մենք չենք խորշել Հայաստանին պարտադրված սև-սպիտակ իրականությունից: Գործող իշխանությունները, սատանայացնելով Հանրապետականին և փորձելով հրեշտակներ ձևանալ, իրականում այս 6 ամսվա ընթացքում ավելի շատ մեղքեր ու սխալներ գործեցին, քան քան ՀՀԿ իշխանության մեկ 5 տարվա ցիկլը»,- երեկ 24TV-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) համամասնական ցուցակի 5-րդ համարը զբաղեցնող, ՀՀԿ շտաբի քարոզչության պատասխանատու Արմեն Աշոտյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ընտրված կարգախոսը թերևս մարդկանց ստիպի հակառակն անել, որովհետև հենց ժողովրդական մտահոգությունների արդյունքում եղավ այս հեղափոխությունը:
Նա հավելեց նաև, որ նոր իշխանություններն այնքան արագ մաշեցին ժողովրդական վստահության ու քաղաքական հաջողության կապիտալը, ոչինչ նոր բան չստեղծեցին, որ քարոզարշավի մեկնարկին ապավինում են ապրիլ-մայիսյան հնարքներին, այն է` համաժողովրդական երթերին:
Կուսակցական գործիչը հատկապես շեշտում է, որ այս ամենը տարօրինակ է հատկապես այն համատեքստում, որ Նիկոլ Փաշինյանն այսօր արդեն իշխանություն է ներկայացնում, և թեպետ քայլելը լավ է, իհարկե, բայց այն գլոբալ հարցեր և իր իսկ տված բազում խոստումները չի լուծում ու չի կատարում:
«Ընտրական օրենսգրքի բարեփոխման խոստումը ընդամենը մեկն է այն բազմաթիվ խոստումներից, որ խոստացել էր իշխանությունը: Ի դեպ այն Կառավարության ծրագրի կարևոր, հիմնաքարային խոստումներից մեկն էր: Բայց մի մոռացեք նաև այլ խոստումներ: Նիկոլ Փաշինյանը խոստանում էր պետական բյուջեն շատ կարճ ժամանակում ավելացնել մինչև մեկ միլիարդ դրամով, բայց 2019թ. բյուջեում այդ մասին ոչինչ չկար: Նա իշխանության եկավ ախատավարձ բարձրացնելու, արդարություն հաստատելու, Հայաստանի անվանգությունն ամրապնդելու խոստումներով: Հիմա ՀԱՊԿ-ում ե՞ն ամրապնդված Հայաստանի դիրքերը թե՞ Եվրամիությունում, որի հետ կնքած պայմանագիրը 6 ամիս է, արդեն ուժի մեջ է, և գեթ մեկ ռեֆորմ այդ համաձայնագրով իրականացված չէ»,-նշեց ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Աշոտյանը:
Վերջինս հիշեցրեց, որ երբ Նիկոլ Փաշինյանը իշխանության էր գալիս, նա չէր ասել, որ հազարավոր մարդկանց իրենց աշխատանքից զրկելու է` առանց նրանց վերապատրաստելու ու նոր աշխատանքի տեղավորելու, չէր ասել, որ գազաֆիկացումն ավելորդ է, և մի բաժակ սուրճ եփելու համար չարժե գազ քաշել: Նրա խոստումներն ու գործողությունները չեն բռնում իրար ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի և Թուրքիայի մոտեցումները ցեղասպանության հետ կապված:
«Այս հնարքի մեջ այլևս ոչ մի քաղաքական ազնվություն չկա: Հանրապետականն այլևս իշխանություն չէ: Մեզ հեռացրին իշխանությունից, որովհետև մենք մեր խոստումները կամ առկա խնդիրներն արագ լուծելու ունակություն չդրսևորեցինք, բայց ինքը եկավ իշխանության` ասելով, որ կախարդական փայտիկ ունի, որը փաստորեն չի աշխատում: Նա տալիս էր խոստումներ, որոնք ի սկզբանե անիրատեսական էին: Մարդիկ հավատացին Փաշինյանին, որովհետև նա դժվար հարցերին տալիս էր հեշտ պատասխաններ, և հերթական անգամ խաբվեցին»,- հավելեց Ա. Աշոտյանը: