
Ի՞նչ եղան սփյուռքահայերի 1000-ական դոլար ավանդները

2015 թ. ապրիլին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կոչ էր արել սփյուռքահայերին՝ 1000-ական դոլարի հաշիվ բացել հայաստանյան բանկերում։ «Թող 1000 դոլար դնի իր հաշվի վրա, չտա ՀՀ-ին։ Բանկերին փող կգա, բանկերը կհզորանան, տնտեսությունը կզարգանա, իրենք էլ տոկոս կստանան։ Իրենցից մենք բարեգործություն չենք ուզում»,- ասել էր Հակոբյանը։
Ավելի ուշ նա մի քանի անգամ հայտարարել էր, թե արձագանքը մեծ է, և ոչ թե 1000 դոլար, այլ շատ ավելի չափերի գումարներ են ավանդ դրվել։
Սակայն սփյուռքի նախարարի ներկայիս պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը հերքում է այդ «մեծ արձագանքը»։ 168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ սփյուռքահայերից շատերն իրեն այլ կարծիք են հայտնել.
«Ավելի նեգատիվ ֆոն է ունեցել այդ կոչը, ասում էին՝ սխալ ուղերձ է, և լավ չի ընկալվել սփյուռքում»։
Ամեն դեպքում, ինչպես նշեց Հայրապետյանը, դա հստակ գնահատել հնարավոր չէ, քանի որ այն կոչ է եղել, և ոչ թե՝ կոնկրետ ծրագիր։
ՀՀ Կենտրոնական բանկից հետաքրքրվեցինք՝ ուսումնասիրություն կա՞, թե Հրանուշ Հակոբյանի կոչն ինչ արձագանք է ունեցել։ Մեզ պատասխանեցին, որ նման վիճակագրություն առանձնացնելը բավականին դժվար գործ է։