Բաժիններ՝

«Պատկան մարմինները բացահայտել են միլիոնավոր դրամների չարաշահումներ. Չի բացառվում, որ նոր անուններ կլինեն»

ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն արձանագրում է՝ կայացած փաստ է՝ Հրանուշ Հակոբյանի պաշտոնավարման տարիներին նախարարությունում չարաշահումներ եղել են:

«Պատկան մարմինները բացահայտել են միլիոնավոր դրամների չարաշահումներ, ընդ որում՝ խոսքը գնում է ամենափոքր նախարարության մասին, որից դժվար էր պատկերացնել, որ մի քանի հարյուր միլիոնի չարաշահում կարող է լինել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Մ.Հայրապետյանը:

Ըստ նրա՝ Պետական վերահսկողական ծառայությունը դիմել է Քննչական կոմիտե, տարվում է քննություն: Մ.Հայրապետյանի կարծիքով՝ խնդիրն այն է՝ նախարարն իմացե՞լ է այդ մասին, թե՞ ոչ:

«Իմ օրոք որևէ լումայի չարաշահում չի եղել»,- վստահեցրեց նա:

Հայրապետյանը հորդորեց սպասել Քննչական կոմիտեի հայտարարություններին. «Չի բացառվում, որ նոր անուններ կլինեն»:

Մեր հարցին, որ նախկինում էլ Վերահսկիչ պալատն էր պարզել, որ նախարարությունում խոշոր պարգևավճարներ են տրվում, արդյոք հիմա այդ ավանդույթը շարունակվո՞ւմ է, Մ.Հայրապետյանը պատասխանեց, որ ինքն ուսումնասիրել է պարգևատրումների ծավալները, դրանք մեծ չեն եղել.

«Օրինակ՝ 80 հազար դրամ աշխատավարձ ստացողին տարվա ընփացքում 2-3 անգամ նույն չափով պարգևատրում է տրվել, դա շա՞տ է»:

Նա նշեց, որ իր ղեկավարման ընթացքում 1 անգամ է պարգևատրումներ տվել, բայց այն աշխատողներին, որոնք իրենց աշխատանքը կատարել են փայլուն. «Սա մյուսների համար խրախուսանք կլինի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս