Կառավարությունը որոշեց գումար հատկացնել աղետի գոտու 44 կիսակառույց բնակելի տան շինարարության համար
Այսօր կառավարության հերթական նիստին հաստատվեց ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները:
Այսպիսով՝ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով «02. Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում» ծրագրի շրջանակներում նախատեսված 458,118.0 հազ. դրամն ուղղվում է Լոռու մարզի գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների համար Ծրագրի շրջանակներում կառուցապատողի կողմից շինարարությունը սկսված՝ առավել բարձր պատրաստականության առնվազն թվով 44 կիսակառույց բնակելի տան շինարարության ավարտմանը:
Հարցի զեկուցող, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի խոսքով՝ խնդիրը մի իչ բարդ էր. «Սկզբում խոսվում էր, որ գումարը տրվի բնակիչներին, իրենք ավարտեն շինարարությունը, սակայն ռիսկային է համարվել այս տարբերակը, և խնդրի լուծման այլ տարբերակ ենք գտել»:
Այսպիսով՝ «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության հետ պայմանագիր են կնքել, որ նույն գումարի սահմաններում այդ կիսակառույցների շինարարական աշխատանքներն ավարտին հասցնեն:
Ավետիք Էլոյանի խոսքով՝ հետագայում ևս փորձելու են այդ ընկերության ծառայություններն օգտագործել. «Սխեման այսպիսին է ՝գումարը հատկացվում է մարզպետարանին, մարզպետարանը կնքում է պայմանագիր, որն էլ իր հերթին՝ պայմանագիր է կնքում անհատական բնակիչների հետ: Սա՝ փուլային նախագիծը, և սկզբում գումարի քսան տոկոսն է սկզբում փոխանցվում, այնուհետև՝ 80 տոկոսը»:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյոք համոզվա՞ծ են, որ այս մեխանիզմով այդ տների շինարարությունն ավարտին է հասցվում, և ստացավ դրական պատասան:
Նշենք, որ ըստ նախագծի՝ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակներում ՀՀ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում շահառու ճանաչված 5381 ընտանիքից 2008-2017 թվականներին՝ մոտ 65 մլրդ դրամ միջոցների հաշվին, լուծվել է 4839 ընտանիքի բնակարանային խնդիր:
Արդյունքում՝ դեռ լուծում է պահանջում ծրագրի շահառու ճանաչված 542 ընտանիքի բնակարանային խնդիր, որի համար պահանջվում է մոտ 4.0 մլրդ ՀՀ դրամ, խնդրի ամբողջական լուծումը ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված է մինչև 2020 թվականի տարեվերջ:
ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով ծրագրի իրականացման համար հատկացվել է 460.0 մլն ՀՀ դրամ, որը նախատեսված է ուղղել ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերի՝ առավել բարձր պատրաստականության կիսակառույց բնակելի տներ ունեցող ընտանիքներին ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրմանը:
Նախագծով կարգավորված են նաև նախատեսված աշխատանքների կազմակերպման ընթացակարգի, պայմանների, հաշվետվողականության, ինչպես նաև արդեն ավարտված բնակելի տների նկատմամբ ծրագրի շահառուների իրավունքների գրանցման հետ կապված հարցերը:
Միաժամանակ, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից առաջարկվել է նախատեսել դրույթներ կիսակառույցների, դրանց օրինականացման, ինչպես նաև օրինականացման համար նախատեսված վճարների վերաբերյալ, քանի որ դրանց մի մասն արդեն իսկ սեփականության իրավունքով գրանցված է Հայաստանի Հանրապետության անվամբ, և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված տվյալների հիման վրա գրանցվել են՝ որպես ինքնակամ շինություններ: