«Ստիպված կլինենք այդ ամենը մեկ անգամ ևս մերժել». «Փաստ»

«Փաստ» թերթի թղթակիցը զրոիցել է քաղաքագետ Սարո Սարոյանի հետ:

– Պարո՛ն Սարոյան, ընտրական օրենսգիրքը չփոխվեց, ինչը, շատերի կարծիքով, խնդիր է: Մյուս կողմից՝ խոսվում է, որ գրեթե զրոյացված է ընտրակաշառքի գործոնը, չկան նախկին արատավոր մեխանիզմները, և քաղաքացին իր կամքն է արտահայտելու: Այս հանրագումարի արդյունքում ժողովրդավարական ընտրություններ կտեսնե՞նք:

–ԸՕ խնդիրը շատ լուրջ է, որին պետք է լուրջ մոտենալ: Եթե լիներ ԸՕ, ինչպես նաև Կուսակցությունների մասին օրենքի ու նաև օրենսդրական մեծ փոփոխությունների առկայությունը, ապա Հայաստանում իսկապես քաղաքական իրավիճակ կլիներ. դա թույլ չէր տա այնպիսի միավորների մասնակցությունն ընտրական գործընթացին, որոնք, լինելով հետադիմական ուժեր, ավերել են, հարստահարել են ժողովրդին ու պետությանը: Սրա արդյունքում նաև դեմագոգիան է առաջ գալիս, անձերն են առաջ գալիս, այն անձերը, որոնք մերժված պետք է լինեին, և այս իրավիճակում անգամ թեկնածու չպետք է լինեին: Ոչ միայն ԸՕ–ի խնդիրը, այլև հիմա կոնկրետ խնդիր պետք է լուծված լիներ: Եթե այդ կոնկրետ խնդիրը չի լուծվել՝ ունենք նախկիններից նյուանսներով մի քիչ ավելի տարբերվող, բայց քաղաքական կամքով երաշխավորված ընտրություններ:

–Կա քննարկում իրական ընդդիմություն ունենալու անհրաժեշտության վերաբերյալ: Ինչպիսին՞ պետք է լինի այդ ընդդիմությունը, որը պետք է տարբերվի նաև նախորդներից:

– Եթե մենք այդ ինստիտուցիոնալ փոփոխություններն արած լինեինք և քաղաքական միավորներն ընտրություններին մասնակցեին ըստ ծրագրերի, մտքերի բախում լիներ, և սկզբունքորեն մերժվեին կեղծիքներ թույլ տված միավորներն ու անձինք, այդ դեպքում ակնհայտ կլիներ, թե երկրում ինչի շուրջ է ապահովվելու բարեկեցությունը, զարգացումը և այն: Բայց քանի դեռ մերժված չեն, ապա «թե ով կլինի ընդդիմություն» հարցի շուրջ դիսկուրսը ևս հին երկխոսության շարունակությունն է դառնում: Այսինքն՝ այն համակարգի, որը կար մինչև հեղափոխությունը:

Գլխավոր ընդդիմություն, միակ ընդդիմություն և այլն: Դրանք իրականում չպետք է լինեին քաղաքական գործոններ, քաղաքական միտքը չպետք է դրա վրա սևեռվելու խնդիր ունենար: Սա սխալ ճանապարհ է՝ նախահեղափոխական քաղաքական համակարգին վերաբերող ճանապարհ է, որը երկրի համար լավ բան խոստացող քաղաքական գործընթաց չէ:

Նորմալ իրավիճակն այն կլիներ, երբ կուսակցությունները հանդես կգային ծրագրերով և իրենց առաջարկած ծրագրերն իրականացնելու քվե կստանային: Եվ այստեղ վարչախմբի և ընդդիմության խնդիր չէր լինի: Հարցը կլիներ հետևյալը. այդ մարդիկ իրականացնո՞ւմ են այդ ծրագրերը, քաղաքական պատասխանատվություն կրո՞ւմ են, թե՞ հաջորդ ընտրություններում քաղաքացիները գնահատում են, որ իրենք չեն անելու խոստացածը, և ձայնը տալիս են մեկ այլ միավորի:

–Որպես խոսքից գործի անցնելու կետ մատնանշվում է ԱԺ ընտրություններից «հետոն»: Արդյո՞ք ձեր մատնանշած ճանապարհը, նախկինից եկած դիսկուրսները չեն խանգարի նաև այդ հանգամանքին: 

–Եթե նախկին դիսկուրսներով, նույն վարքով ենք շարունակում, և վարչակազմ են ձևավորելու այդ ամենը կրող մարդիկ, ապա շարունակելու են աշխատել նույն ձևերով: Այսինքն՝ Հայաստանում կարող է նորից առաջ գալ դեմագոգիան, անսկզբունքայնությունը, ինչպես նաև՝ քաղաքական կեղծիքները, սուտը և այլն: Եվ մենք ստիպված կլինենք այս ամենը ևս մեկ անգամ մերժել: Հայաստանում հեղափոխական գործընթացը… չպետք է անընդհատ ընկնել՝ վեր կենալ, ընկնել՝ վեր կենալ, մինչև հրելով հասնենք ինչ–որ ճանապարհի: Այս ամենը սահուն պետք է արվեր, սա է խնդիրը:

Ըստ էության, երաշխիքներ չկան, որ ամեն ինչ սահուն գնում է առաջ: Երևի մարդիկ ուզում են Հայաստանում ևս մի քանի ագամ հեղափոխական իրավիճակներ ստեղծվեն, նոր հասկանան, որ մեր քաղաքացիները լուրջ էին մոտենում, երբ գարնանը հեղափոխություն էին անում:

–Այդ համատեքստում կիսո՞ւմ եք այն կարծիքները, որ նոր ԱԺ–ն անցումային է լինելու:

–Այս պահին հնարավոր չէ ասել՝ ԱԺ-ն տարիներով կշարունակի իր գործունեությունը, թե կրկին արտահերթի խնդիր կառաջանա, բայց, որպես քաղաքագետ, միանշանակ կարող եմ ասել, որ ընտրություններից հետո՝ ընդամենը ամիսների ընթացքում, քաղաքական օրակարգ է մտնելու նոր Սահմանադրության ընդունման խնդիրը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս