Բաժիններ՝

Թարմ թվեր՝ Վիճակագրական կոմիտեից. Արդյունաբերության ոլորտն անակնկալ է մատուցել

Վերջապես եկավ երկար սպասված նոյեմբերի 20-ը, և Վիճակագրական կոմիտեն հրապարակեց ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Ի սկզբանե պետք է նշենք, որ չնայած բացասական կանխատեսումներին, հոկտեմբեր ամիսը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, արձանագրվել է տնտեսական ակտիվության դրական ցուցանիշ: Ամփոփ տվյալների համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2018 թվականի հոկտեմբեր ամսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, կազմել է 3 տոկոս:

Արդյունքում՝ 2018 թվականի 10 ամիսների արդյունքներով ՏԱՑ-ը նվազել է՝ կազմելով 6.0 տոկոս, հունվար-սեպտեմբերի նկատմամբ դանդաղելով ևս 0.5 տոկոսային կետով:

Նվազումը հիմնականում պայմանավորված է եղել գյուղատնտեսության ոլորտում գրանցված բացասական ցուցանիշով:

Հասկանալու համար տնտեսական ակտիվության բովանդակությունը, պետք է վերլուծել առանձին ոլորտների թողարկումների աճի դինամիկան։ Ինչպես երևում է գծապատկերից, հոկտեմբեր ամսին առավել մեծ բացասական նպաստում է ունեցել գյուղատնտեսության ոլորտը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազելով -22.1 տոկոսով: Ոլորտի նման գահավիժմանը մենք արդեն անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակումներից մեկում, այդպիսով արձանագրելով, որ նման անկումը հիմնականում պայմանավորված է բնակլիմայական պայմաններով: Արդյունքում՝ ոլորտի տարեկան կուտակային ցուցանիշը շարունակել է նվազել՝ 10 ամսվա կտրվածքով կազմելով -8.1 տոկոս:

Հոկտեմբեր ամսին զարմանալի, ինչ-որ տեղ՝ նաև «կասկածելի» անակնկալ է մատուցել արդյունաբերության ոլորտը, արձանագրելով բավականին բարձր աճի ցուցանիշ: Ինչո՞ւ կասկածելի, որովհետև նախորդ տարվա համեմատությամբ՝ այս տարի չի գործում Թեղուտի հանքավայրը, իսկ հոկտեմբեր ամսվա կեսերից կասեցվեցին նաև Ալավերդու գործարանի աշխատանքները: Այս ամենի արդյունքում արդյունաբերության ոլորտն արձանագրեց այս տարվա 2-րդ կիսամյակի ամենաբարձր աճը՝ նախորդ տարվա հոկտեմբեր ամսվա նկատմամբ աճելով 8.1 տոկոսով, որը առաջին հայացքից և վերը թվարկված հանգամանքների պարագայում կասկածելի է թվում, սակայն այս առումով վերջնական գնահատական հնարավոր կլինի տալ միայն, երբ Վիճակագրական կոմիտեի կողմից ներկայացվի ոլորտի ճյուղերի թողարկումների ծավալները, և միայն այդ ժամանակ պարզ կլինի, թե որ ճյուղերի հաշվին է ապահովվել նման աճ, և ինչով էր պայմանավորված այս անակնկալը:

Շինարարության ոլորտում շարունակում է դանդաղումը, և ամսական աճը նախորդի տարվա նույն ամսվա համեմատ մոտենալով նվազագույնին՝ կազմել է 0.4 տոկոս: Վերջինս 1.1 տոկոսային կետով նվազեցրել է ոլորտի տարեկան թողարկումների աճի ցուցանիշը՝ 7.6-ից հասցնելով 6.5-ի:

Համեմատաբար կայուն վիճակ է առևտրի ոլորտում: Հոկտեմբեր ամսվա արդյունքներով աճը նախորդ տարվա հոկտեմբեր ամսվա նկատմամբ կազմել է 10.5 տոկոս, ինչի շնորհիվ տարեկան աճի ցուցանիշը պահպանվել է 9.6 տոկոսի մակարդակում:
2018 թվականի ընթացքում առաջին անգամ դանդաղում է արձանագրվել նաև ծառայությունների ոլորտում: Եթե նախորդ ամիս ոլորտի աճը կազմել էր 19.8 տոկոս, ապա արդեն հոկտեմբեր ամսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ոլորտի աճը կազմել է 16.6 տոկոս, ինչը նաև դանդաղեցրել է տարեկան աճի ցուցանիշը 0.6 տոկոսային կետում, այնուհանդերձ պահպանելով աճի բավականին բարձր մակարդակը:
Ամփոփելով օպերատիվ հավաքագրված ցուցանիշները, նշենք, որ դրական ցուցանիշներ են արձանագրվել նաև արտահանման և ներմուծման ուղղություններով: Հաշվետու ժամանակահատվածում նախորդ տարվա հոկտեմբեր ամսվա նկատմամբ արտահանումն աճել է 12.1 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 11 տոկոսով:

ՀԱՅԿ ԲԵՋԱՆՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս