Վթարի ենթարկված բալետի 23-ամյա արտիստ Վահագն Մարգարյանը մահացել է
Այսօր առավոտյան մահացել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ 23-ամյա Վահագն Մարգարյանը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
Վահագն Մարգարյանը ավտովթարի էր ենթարկվել նոյեմբերի 6-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհին։ Նա եղբոր, նրա կնոջ և 2 տարեկան երեխայի հետ տաքսու մեջ էր եղել։
Վահագն Մարգարյանը 2013-ից աշխատում էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Նա մասնակցել էր ս. թ. հունիսի 18-22-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղի ունեցած Բալթյան 4-րդ միջազգային բալետային մրցույթին՝ արժանանալով 2-րդ գլխավոր մրցանակին: Մարգարյանը հանդես է եկել Ա. Խաչատրյանի «Գայանե» (Կարեն), «Սպարտակ» (Հովիվներ), Բիզե-Շչեդրինի «Կարմեն» (Սպա), Պ. Չայկովսկու «Շչելկունչիկ» (Պա-դե-դե), Լ. Մինկուսի «Դոն Կիխոտ» (Պա-դե-դե) ներկայացումներում:
2015 թվականին Չեչնիայում մասնակցել է Մահմուդ Էսամբաևի պարի միջազգային 7-րդ փառատոնին և արժանացել 2-րդ մրցանակին:
2016 թվականին Տալլինի միջազգային բալետային մրցույթում զբաղեցրել է երրորդ պատվավոր հորիզոնականը: