Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահը պատրաստակամ է յուրաքանչյուր տարի տարածաշրջանում ընդունել հայաստանցի ուսանողների
Իլ դե Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին առաջարկել է ընտրել կինոյի, երաժշտության և այլ արվեստի տիրապետող հայաստանցի երիտասարդների՝ տարածաշրջանում մեկ տարի բնակվելու, սովորելու և ստեղծագործելու համար: Լրագրողների հետ զրույցում Պեկրեսը, մասնավորապես, նշեց. «Ես առաջարկեցի, որպեսզի Երևանի քաղաքապետը ընտրի մեզ համար երիտասարդ կադրերի, որպեսզի նրանք կարողանան օգտվել 25 հազար եվրո ուսանողական թոշակից և մեկ տարի բնակվեն տարածաշրջանում: Յուրաքանչյուր տարի կընտրվի 50 արվեստագետ, որոնք կպարտավորվեն մեկ տարի գալ, բնակվել և ստեղծագործել Իլ դը Ֆրանս տարածաշրջանում»,-ասաց Պեկրեսը:
Նրա խոսքով` այցի ընթացքում ձեռնարկվել է դասընթացների նոր ծրագրերի մշակումը, մասնավորապես, մաթեմատիկայի և թվային տեխնոլոգիաների ոլորտներում:
«Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը նաև խնդրել է ինձ, որպեսզի սատարենք Ֆրանսիական համալսարանի շենքի ընդլայնման հարցում: Նախատեսվում է նոր շենքի կառուցում` Երևան քաղաքի «Թումո» կենտրոնի մերձակայքում»,- նշեց Պեկրեսը:
Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսը հավելեց նաև, որ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում հանդիպել է ստարտափների և ՏՏ ոլորտի ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ և քննարկել, թե ինչպես կարելի է ներգրավել հայկական ընկերությունները Իլ դե Ֆրանս տարածաշրջան:
Իլ դը Ֆրանս տարածաշրջանի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսը, առաջին փոխնախագահ, ինստիտուցիոնալ ռազմավարության և միջազգային հարաբերությունների պատասխանատու Ժերոմ Շարտիեն և բնապահպանության և կայուն զարգացման հարցերի պատասխանատու Ժան-Ֆիլիպ Դյուգուեն-Կլեմանը նոյեմբերի 18-19-ը գտնվում էին Երևանում:
Այցի շրջանակներում Վալերի Պեկրեսը հանդիպել է Երևանի քաղաքապետի հետ և ստորագրել Երևան-Իլ դը Ֆրանս 2018-2021թթ.-ի համար համագործակցության ճանապարհային քարտեզը (գործողությունների ծրագրի, որով նախանշվում են հետագա համագործակցության հիմնական բնագավառները՝ կայուն պլանավորում և քաղաքաշինություն (ուրբանիզմ), նորարարություն և նորագույն տեխնոլոգիաներ, մշակույթ, կրթություն և ֆրանկոֆոնիա: