Ցուցակամանիա (թեթև տանելու համար)
Ցուցակները մարդկության պատմության ուղեկիցներն են հնագույն ժամանակներից: Ուշադիր և ջանասեր պատմաբանը, որը միաժամանակ և քաղաքագետ է, պրպտելով առաջին հայացքից անկենդան և չոր ցուցակները, հաճախ դրանցից ավելի շատ բան կիմանա, քան ծավալուն ու մանրամասն տեքստերից: Ծավալուն տեքստերը հաճախ ստեղծվում են թաքցնելու կամ ծաղկեցնելու համար իրողությունները: Չոր ու ցամաք, անբովանդակ ցուցակները, դրանց կառուցվածքը, տողատակը, դասավորությունը պատմում են ավելին, քան կարելի է սպասել: Ցուցակները նաև յուրահատուկ պոետիկա են, որովհետև ունեն ռիթմ, կրկնություն, տողերի բաժանում, և որոշ դեպքերում՝ նույնիսկ կախարդական հմայք:
Երբ մարդիկ ստեղծեցին գիրը, առաջին բանը, որ սկսեցին գրի առնել, ո՛չ բանաստեղծություններն էին, ոչ երգերը, ոչ առասպելները, որոնք բոլորն էլ այդ ժամանակ, անշուշտ, կային՝ որպես բանարվեստ, այլ ցուցակներն էին: Նախ՝ տնտեսական զանազան ցուցակներ՝ ո՛ր պահեստում ինչքա՛ն ցորեն, գարի, ձեթ կա, ո՛ր տաճարում ու կալվածքում ինչքա՛ն աշխատող, ո՛ր այգում ինչքա՛ն ծառ: Այսպիսի առաջին տեքստերը Շումերից, Եգիպտոսից, Միկեններից են, և այլն: Մյուսը՝ արքաների ցուցակներն էին, որոնցով սկսվում է պատմագիտությունը: Նաև՝ աստվածների ցուցակները: Ավելի ուշ միայն սկսեցին գրել մեզ ավելի կարևոր թվացող բաներ:
Հայաստան էլ գիրը մտնում է նախ՝ որպես ցուցակագիր: Ուրարտական արքաներ Իշպունինին և նրա որդի ու ժառանգ Մենուան միասին կազմեցին աստվածների մի մեծ ցուցակ, որտեղ մանրամասն նշեցին, թե որ աստվածությանը որքա՛ն ցուլ, կով, ոչխար, այծ պետք է զոհաբերել, այդ ցուցակն արձանագրեցին Վանա ժայռին, որը հետագայում կոչվեց Մհերի դուռ: Ոչ մի ավելորդ «լիրիկա» և «սենտիմենտալիզմ»՝ չոր հաշվարկ՝ էսքան այծ, ոչխար, ցուլ՝ Խալդի աստծուն, էսքանը՝ մյուսին, մյուսին: Վեհ պարզություն ու կազմակերպվածություն: Հայ գրականության սկիզբն էր սա, թեև հայերեն գրված չէր: Էդ չորուցամաք ցուցակը հեռավոր կապերով կապված է «Սասնա Ծռեր» էպոսի հետ հենց Մհերի դռան միջոցով:
Ու հայոց պետության սկիզբն էլ էր սա, թեև էլի գրողները հայեր չէին բառիս բուն իմաստով՝ հայախոս չէին: Պետությունը ստեղծվեց հենց այս «թուղթուգրով»՝ սկզբում՝ աստվածների միասնական, պետական, պաշտոնական ցուցակ՝ միավորող Լեռնաշխարհի սարուձորերի բոլոր կարևոր աստվածներին, որով և՝ պետություն, ինքնություն, անկախություն:
Հետո արդեն արքաները գրեցին իրենց նվաճումների մասին: Ու ամեն այդպիսի գրառման վերջում պարտաճանաչ գրանցեցին, թե քանի տղամարդ ու կին գերեցին, քանի ձի, կով, ոչխար քշեցին որ երկրից, ու որ աստվածները պիտի նզովեն նրան, ով հանկարծ քանդի արքայական արձանագրությունը: Պարծենկոտ այդ գրերին եթե հավատաս, ամեն տարի տասնյակ-հազարավոր մարդ ու անասուն էր քշվում էս ու էն կողմ: Իհարկե, եթե իրականում այդքան լիներ, մինչև հիմա էդ հարստությունից կօգտվեինք, բայց հին արքաները հաշվելուց լավ չէին, ինչպես և մենք՝ այսօրվա պատմաբաններս, որ հաճախ հալած յուղի տեղ ենք ընդունում էդ հին թվերը: Հետաքրքիր է, որ այդ ցուցակներում ամենաթանկ բանը ձին էր, ոչ թե, ասենք, մարդը: Օրինակ, Արգիշտիի մեծ ժամանակագրությունում՝ նույն Վանի ժայռից, տարեկան մի 10 հազարական տղամարդ, կին ու պատանի է քշվում, մի այդքան էլ՝ կով ու ոչխար, բայց ձիերը մենակ 100-ով են հաշվում:
Ցուցակները կարևոր տեղ ունեին հին պոեզիայում: Հայտնի է Հոմերոսի «Իլիականի» «Նավերի ցուցակը», որտեղ թվարկվում են պատերազմին մասնակցող ազգերը, դրանց հրամանատարները և իրենց ավարը, ինչը զբաղեցնում է պոեմի երկրորդ գլխի մի ահագին մասը՝ իր ծավալով ու մանրամասնությամբ սարսափեցնելով արդի ընթերցողին, բայց յուրահատուկ հաճույք պատճառելով յուրահատուկ հաճույքներ փնտրողներին: Մյուս հին հունական բանաստեղծ Հեսիոդոսին վերագրվում է «Կանանց ցուցակը»՝ այլևայլ դիցուհիների, իգական սեռի ոգիների, գերբնական էակների մանրամասն թվարկումն ու ծագումնաբանությունը: Հին գերմանական Էդայում մի մեծ բանաստեղծական հատված է առասպելական հսկաների և թզուկների անունների թվարկումը:
Հին հույներն առաջինն էին նաև սպորտային մրցումներում հաղթողների ցուցակներ կազմելու գործում: Մ.թ.ա 8-րդ դարից սկսած գիտենք, թե չորս տարին մեկ տեղի ունեցող Օլյումպիական հին խաղերում ո՛վ է հաղթել վազքում, բռնցքամարտում, և այլն: Իսկ հին գերմանացիներն էլ մեծ վարպետներ էին արքաների ցուցակներում անուններ բռնացնելու հարցում: Այդ ցուցակներում բոլորի անունները պետք է նույն վանկով սկսվեին, ասենք՝ Էդգար, Էդվարդ, Էդվին, ու այսպես անվերջ: Ավելի ուշ դանիացները թագավորական ցուցակների պոետիկան հասցրին կատարելության: 1481-ից մինչև 1972 դանիական գահին միմյանց հաջորդել են բացառապես Ֆրեդերիկներն ու Քրիստիանները՝ յուրաքանչյուրից՝ 9-ական հոգի:
Հայ մատենագրությունը ցուցակներով չի սկսվում, բայց ցուցակներ շատ է սիրում: Յուրաքանչյուր հին հայկական աղբյուր ունի նախարարների և իշխանների անվանական ցուցակներ: «Ապա առաքէր թագաւորն Հայոց զբարեկիր զծառայս իւր, զիշխանն Կորդուաց զՋոնն, եւ զիշխանն մեծի Ծոփաց զՄար, եւ զիշխանն Ծոփաց Շահէի Ներսեհ, եւ զիշխանն Սիւնեաց զՎաղինակ, եւ զիշխանն Հաշտենից զԴատ, եւ զիշխանն Բասենոյ զՄանակ»: Կամ առանց անունների. «Եւ կուտեցան առ հասարակ զաւրքն ամենայն, եւ մեծամեծք եւ կուսակալք, գաւառակալք, պատուաւորք, պատուականք, զաւրավարք, պետք եւ իշխանք, նախարարք եւ ազատք, դատաւորք եւ զաւրագլուխք»: Հայկական ցուցակների պոետիկայի գլուխգործոցը Եղիշեինն է:
«Յազգէն Մամիկոնէից Քաջն Վարդան։ Յազգէն Խորխոռունեաց Խորէնն Կորովի։ Յազգէն Պալունեաց Արին Արտակ։ Յազգէն Գնթունեաց Զարմանալին Տաճատ։ Յազգէն Դիմաքսենից Իմաստունն Հմայեակ։ Յազգէն Քաջբերունեաց Հրաշակերտն Ներսեհ։ Յազգէն Գնունեաց Մանուկն Վահան։ Յազգէն Ընծայնոց Արդարն Արսէն։ Յազգէն Սրուանձտայ Յառաջադէմն Գարեգին»: Այստեղ ունենք և Արի Ատակ, և Զարմանալի Տաճատ և Իմաստուն Հմայակ, և Առաջադեմ Գարեգին և Արդար Արսեն….»:
Ցուցակները նաև վերաբերել են կյանքին և մահվանը: Օրինակ, 1937-ին կազմած և Ստալինի, Մոլոտովի, Կագանովիչի, Ժդանովի ստորագրած Հայաստանին վերաբերող ցուցակում 69 հոգին դատապարտվում է մահվան, 13-ը՝ ճամբար աքսորվելու: Սա Հայաստանին վերաբերող 37 թվի միակ ցուցակը չէ, բայց կարևորներից մեկն է: Սրանով, օրինակ, 13 «բախտավորների»՝ մահվան չդատապարտվածների մեջ է մտնում Գուրգեն Մահարին:
Նույն ժամանակ, մի քիչ էլ շուտ Հայաստանում մոդա են մտնում նախընտրական ցուցակները: Միայն ԽՍՀՄ-ում հասկանալի զարմանալի տրամաբանությամբ՝ որպես Հյաաստանից թեկնածու, գրանցվում էին սովետական պետության առաջին դեմքերը: Հայ աշխատավորները ջերմորեն ողջունում էին, արդեն չեմ հիշում դրանցից ո՛ր մեկի՝ Մոլոտովի, Կագանովիչի, թե որի առաջադրումը Հայաստանի էսինչ ընտրատարածքում: Բնականաբար, դրանք բարեհաջող ընտրվում էին: Որպես Չարենցի, Բակունցի և մյուսների գնդակահարության ցուցակները ստորագրած հայ ժողովրդի մեծ բարեկամներ:
Սրանից հետո էլ ունեցել ենք բազմաթիվ լավ ու վատ, հետաքրքիր ու անհետաքրքիր ցուցակներ: Օրինակ այս մեկը, որի 30-ամյակը լրացավ այս տարի՝ «Կոմիտեին անդամագրվել են Բաբկեն Արարքցյանը, Համբարձում Գալստյանը, Սամվել Գևորգյանը, Ռաֆայել Ղազարյանը, Սամսոն Ղազարյանը, Ալեքսան Հակոբյանը, ՎազգենՄանուկյանը, Աշոտ Մանուչարյանը, Վանո Սիրադեղյանը, Դավիթ Վարդանյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը»:
Այս մի ցուցակը հիմք դրեց այսօրվա Հայաստանին, բայց նաև մի դրամատիկ պատմության: Սրանում տեղ գտածներից յուրաքանչյուրը հետագայում ունեցավ իր ճակատագիրը, իր հարաբերությունը մյուսների հետ: Ոմանք մահացան իրենց մահով, իսկ մեկը սպանվեց: Մյուսները դարձան անհաշտ մրցակիցներ ու նույնիսկ՝ թշնամիներ: Մեկն էլ ցայսօր տարագրված է, ու նույնիսկ հեղափոխությունից հետո՝ անհասկանալիորեն չվերադարձած:
Այսքանից հետո՝ որպես 3000 տարվա ցուցակների պատմություն ունեցող ազգ, պետք է հանգիտս ու թեթև տանենք ցանկացած ցուցակային աժիոտաժ, նույնիսկ, եթե դա ԱԺ-ն վերաբերող աժիոտաժ է: Ցուցակները գալիս են, գնում են, բայց ոչինչ չի հասնի իր գեղեցկությամբ երևանյան աշնանը, որը նույնն է Արգիշտիի, Կորդվաշ Ջոնի, Զարմանալի Տաճատի, Գուրգեն Մահարու, Դավիթ Վարդանյանի, թե անհայտ ՔՊ-ականի և հայտնի հանրապետականի օրոք: Թեթև տարեք:
Հրանտ Տէր-Աբրահամեան