«Խաչատուրովը չի նստելու, որովհետև սրանց համար գլխավորը գործ հարուցելը, մարդուն խայտառակ անելն է». Գուրգեն Եղիազարյան

Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 8-ին Աստանայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որին մասնակցել են նաև կազմակերպության անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված հարցին: Կողմերը պայմանավորվել են քննարկումները շարունակել դեկտեմբերի 6-ին  Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպման ընթացքում:

Հասարակական գործիչ Գուգեն Եղիազարյանն այսօր, անդրադառնալով այս հարցին, ասաց. «Խաչատուրովի դեմ քրեական գործ հարուցեցին, ցանկացան լիկվիդացնել, իսկ արդյունքում ստացանք այն, ինչ ստացանք: Խաչատուրովը հասցրել էր գործունեություն ծավալել 1.5 տարի, ևս այդքան ժամանակ կար: Նրան փոխարինելու համար լավ թեկնածու էին առաջադրել՝ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին, ով սրանց բերած թեկնածուների մեջ գուցե  ամենալավն էր: Կասե՞ք, թե ո՞վ է մեղավոր: Մարդիկ, երբ մի գործ անում են, պետք է մի քիչ մտածեն: Դուխով անում ու չեն մտածում: Հա, մարդուն հետ կանչեիք, նոր քրեական գործը հարուցեիք: Ես տեսել եմ, թե քանի գործ եք հարուցել, ու արդյունքում ի՞նչ է եղել: Դա էլ 100 տոկոսով նույն բախտին կարժանանար ու կարժանանա: Խաչատուրովը չի նստելու, որովհետև սրանց համար գլխավորը գործ հարուցելը, մարդուն խայտառակ անելն է, հետո՝ բաց թողնելը:

Այսպես չեն վարվում: Պատկերացնո՞ւմ եք՝  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նկատմամբ քրեական գործ հարուցեին ու անդամ երկրները վերջում իմանային: Ինչպե՞ս կվարվեին: Սա ուղղակի ծաղրուծանակ էր ՀԱՊԿ-ի հանդեպ, ինչն էլ նոյեմբերի 8-ին հանգուցալուծվեց ադեկվատ պատասխանով: Մեր թեկնածուն դուրս մղվեց գործընթացից, մնացին երկուսը. Խաչատուրովի տեղակալն ու Բելառուսի անվտանգության խորհրդի ղեկավարը»:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է ՀՀ սահմանադրական կարգը:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս