
Հայաստանը կզրկվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը, ամենայն հավանականությամբ, կլինի Բելառուսի ներկայացուցիչ, չնայած այդ պաշտոնը պահպանելու Հայաստանի ջանքերին:
Ինչպես այսօր՝ նոյեմբերի 8-ին, Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժողովի բացման ժամանակ ասաց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, այս հարցը վերջնականապես կլուծվի դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում:
«Մենք բախում ունեցանք, քանի որ Հայաստանի ներկայացուցիչ Խաչատուրովը (ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար) գլխավոր քարտուղարն էր և հետ է կանչվել: Ես չեմ ուզում խոսել պատճառների մասին, դա հայկական կողմի գործն է: Ըստ ռուսական այբուբենի՝ Հայաստանին հաջորդում է Բելառուսը, և մենք հիմա պայմանավորվեցինք: Իհարկե, Հայաստանը ցանկանում է երկարաձգում, բայց բոլոր պետությունների ղեկավարներն ասացին, որ մնացել է մեկ տարի, նա նույնիսկ չի հասցնի շրջել այդ երկրներով, հետևաբար, մեզ անհրաժեշտ է նորմալ գործող գլխավոր քարտուղար բելառուսական կողմից: Դեկտեմբերի 6-ին մենք հանդիպելու ենք Սանկտ Պետերբուրգում, այնտեղ մենք վերջնականապես կորոշենք»,- ասել է Նազարբաևը: