Կառավարությունը մերժեց Արմեն Աշոտյանին

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկության մասին նախագիծը, որը կառավարություն էր ներկայացրել ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Աշոտյանի ներկայացրած նախագծով առաջարկվում է՝ վարչապետին վերապահված իրեն սպասարկելու նպատակով  հատուկ սարքավորված ինքնաթիռից ու ուղղաթիռից  պաշտոնատար անձանց օգտվելու կարգը սահմանելու լիազորությունը վերապահել կառավարությանը:

Արտակ Զեյնալյանի խոսքով՝ առաջարկվում է նաև նախատեսել վերոնշյալ սպասարկումից  այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից օգտվելու նպատակի, օգտագործող անձանց  ցանկի ու պետական բյուջեից հատկացված գումարի չափի մասին վարչապետի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվի որոշակի տեղեկություններ:

«Մենք առաջարկում ենք, որ պատասխանվի՝ նպատակահարմար չէ: Մենք գտնում ենք, որ վարչապետին վերապահված ուղղաթիռի ու ինքնառիթի սպասրկման կարգը ճիշտ կլինի, որ հաստատի հենց ինքը՝ վարչապետը»,-ասաց Զեյնալյանը:

Նա առաջարկեց բացասական եզրակացություն տալ նախագծին:

ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարտ Միրզոյանն էլ զարմանք արտահայտեց Աշոտյանի առաջարկի կապակցությամբ:

«Շատ հարգարժան պարոն Աշոտյանը բազմաթիվ տարիներ ուներ այս շտկումն ու թափանցիկության աստիճանն ապահովելու համար, բայց ոնց որ թե բաց է թողել այդ հնարավորությունը, ինչի համար ափսոսում եմ: Հատկապես՝ պարոն Աշոտյանի դեպքում, ով բազմիցս աչքի է ընկել  ազգային անվտանգության, պետական  անվտանգության  մասին հոգածությամբ լեցուն զանազան ելույթներով »,- ասաց նա:

Կառավարությունը չընդունեց Աշոտյանի ներկայացրած նախագիծը:

Տեսանյութեր

Լրահոս