Իրանի արևմտյան պատժամիջոցների հայաստանյան ազդեցությունը կախված է նաև ՀՀ իշխանություններից

Հայաստանի շուրջ եռացող աշխարհաքաղաքական իրավիճակը նոր արտաքին քաղաքական խնդիրներ է դնում ՀՀ իշխանությունների առջև:

Նոյեմբերի 5-ին Վաշինգտոնը վերականգնել է Թեհրանի դեմ պատժամիջոցները, որոնք գոյություն են ունեցել մինչև իրանական միջուկային ծրագրի Համատեղ համապարփակ գործողությունների պլանի համաձայնագրի ստորագրումը: Այս սահմանափակող միջոցառումները հիմնականում վերաբերում են նավթային հատվածին։ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ այս միջոցառումները դարձել են ամենախիստը, որոնք Վաշինգտոնը երբևէ սահմանել է Թեհրանի դեմ: Նրա խոսքով՝ «դրանք արդեն իրանական տնտեսության վրա կործանարար ազդեցություն են գործում»՝ ազգային արժույթը մեկ տարում 70 տոկոսով արժեզրկվել է, հոկտեմբերին ինֆլյացիան կազմել է 37 տոկոս, իսկ տնտեսության մեջ ռեցեսիա է սկսվում:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, իր հերթին՝ հայտարարել էր, որ պատժամիջոցային ցուցակի մեջ են մտել 600 առանձին անձինք և ընկերություններ: Նրանք, ովքեր կշարունակեն նրանց հետ բիզնես վարել, վտանգվում են ԱՄՆ երկրորդային պատժամիջոցներին ենթարկվելուն: Այնուամենայնիվ, Վաշինգտոնը մի շարք երկրների կթույլատրի ժամակավորապես նավթ ներմուծել Իրանից։ Այդ երկրների ցանկում Հայաստանը չկա:

Պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ բացառությունը վերաբերում է 8 երկրների՝ Չինաստան, Հնդկաստան, Իտալիա, Հունաստան, Ճապոնիա, Հարավային Կորեա, Թուրքիա և Թայվան: Չինաստանից անջատված Թայվանը միջազգային հանրության կողմից ճանաչված չէ՝ որպես անկախ պետություն:

Իրանի նախագահ Հասան Ռուհանին իր հերթին՝ հայտարարել էր, որ երկիրը կշարունակի նավթ վաճառել, չնայած պատժամիջոցներին:

Հայաստանին իրավիճակն առնչվում է ուղիղ կերպով՝ թե՛ քաղաքականապես, թե՛ տնտեսապես, քանի որ Հայաստանը սահմանակցում է Իրանին և բարիդրացիական հարաբերություններ ունի այդ երկրի հետ: Ի դեպ, Իրանի հետ սահմանը Վրաստանի հետ սահմանից հետո երկրորդ բաց սահմանն է Հայաստանի համար, և դժվար է թերագնահատել Իրանի կարևորությունը Հայաստանի համար:

Ըստ ՀՀ պաշտոնական դիրքորոշման՝ չնայած Իրանի դեմ ամերիկյան արշավին, Հայաստանն իր հարաբերությունները չի կառուցում երրորդ կողմի շահերից ելնելով: Պարզապես ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ուշադրությամբ հետևում է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների առնչությամբ տեղի ունեցող զարգացումներին և մշտական կապի մեջ է այս գործընթացում ներգրավված բոլոր կողմերի հետ: «Մենք հստակորեն ներկայացնում ենք մեզ հուզող հարցերը և մտահոգությունները: ՀՀ-ի համար ԻԻՀ-ի հետ ավանդական բարիդրացիական հարաբերությունները կենսական նշանակություն ունեն: Այժմ իրականացվում է Հայաստանի վրա Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքների համապարփակ փորձագիտական ուսումնասիրություն»,- մեկնաբանել էր ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

«168 Ժամի» հետ զրույցում ամերիկացի նախկին դիվանագետ, քաղաքական վերլուծաբան Փոլ Գոբլն ասաց, որ չնայած խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Հարավային Կովկաս նպատակ ուներ բացահայտելու այն տրամադրությունները, որոնք կան տարածաշրջանում՝ կապված Իրանի դեմ ամերիկյան քաղաքականությանը (քանի որ այս տարածաշրջանը դիտարկվում է՝ որպես Իրանին հակազդելու գոտի), Միացյալ Նահանգները դեմ չէր լինի դաշնակիցներ ձեռք բերել Իրանի դեմ, բայց կա նաև ընկալում, որն արտացոլվեց Բոլթոնի վերջին հայտարարություններից մեկում, որ որոշ երկրների հատուկ կարգավիճակին պետք է ըմբռնումով մոտենալ:

Այդպիսի երկրներից մեկն էլ, ըստ Գոբլի, Հայաստանն է, որի համար Իրանի հետ հարաբերությունները կենսական նշանակություն ունեն, քանի որ իրավիճակի վատթարացումը ծայրահեղ դեպքում կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների:

«Հայաստանը Միացյալ Նահանգների համար կարևոր երկիր է՝ շնորհիվ հզոր Սփյուռքի, որը լուրջ գործոն է Նահանգներում: Ուստի գործընկերային հարաբերությունները ենթադրում են նման վերաբերմունք՝ հասկանալով նաև, որ Իրանի ուղղության կորուստը Հայաստանի համար նշանակելու է արտաքին կախվածության ուժեղացում Ռուսաստանից և Վրաստանից, որն անցանկալի է:

ՀՀ վարչապետը խոսել էր սահմանի փակման հնարավորության մասին, որը, կարծում եմ, ծայրահեղ սցենար է, քանի որ ԱՄՆ-ը հասկանում է այն նշանակությունը, որն ունեն Իրանն ու Վրաստանը Հայաստանի համար: Սահմանի փակումը դժվար հաղթահարելի խնդիր կարող է դառնալ Հայաստանի համար: Պետք է խուսափել նման սցենարներից, ԱՄՆ-ը նման խնդիր Հայաստանի առջև չի դնում, ուստի նման ծայրահեղ միջոցների կարիք, կարծում եմ, չի լինի»,- ասաց Գոբլը:

Բայց, ըստ Գոբլի, միանշանակ տնտեսական բնույթի ազդեցություն կլինի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկին պատժամիջոցների չեղարկումից հետո կողմերը լայնածավալ բնույթի ծրագրեր ունեին, և դրանցից  մի քանիսի մեկնարկն արդեն տվել էին: Սակայն, նրա խոսքով, պատժամիջոցների հիմնական թիրախը նավթարդյունաբերությունն է, որին Հայաստանը չի առնչվում: «Ուստի ազդեցությունը գալու է տնտեսության այլ ճյուղերից»,- նշեց նա:

Մեզ հետ զրույցում իրանցի վերլուծաբան Ալի Սալամին ասաց, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմն է՛լ ավելի լայնածավալ արշավ է սկսել Իրանի դեմ, որոնցում ցանկանում է ներգրավել Իրանի հարևաններին, այդ թվում՝ Հայաստանին:

«Հասկանալի է, թե ինչու չեն դադարում ամերիկացի պաշտոնյաների այցերը տարածաշրջան և Հայաստան: ԱՄՆ նախորդ վարչակազմերը նման հետևողականություն չէին ցուցաբերում: Նման պայմաններում է՛լ ավելի մեծ ուշադրություն է պահանջվում Հայաստանից, որպեսզի հայ-իրանական հարաբերությունները չտուժեն: Այլապես դա լուրջ հարված կլինի թե՛ Իրանի, թե՛ Հայաստանի համար: Նախկին իշխանությունները կարողացան օպտիմալ մոդել գտնել նման պայմաններում Իրանի հետ դրական հարաբերությունները պահպանելու և ԱՄՆ-ի հետ հարաբերվելու համար:

Ներկայումս ամեն բան ցույց է տալիս, որ ՀՀ ներկայիս իշխանություններից է կախված, թե ինչ որոշում նրանք կկայացնեն Իրանի հետ հարաբերությունների վերաբերյալ, քանի որ այս պատժամիջոցների պատճառով կարող են տուժել հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունները, բայց կպահպանվեն քաղաքական հարաբերությունները:

Քաղաքական հարաբերությունները կվնասվեն երկկողմ սխալ բնույթի որոշումների պատճառով: Իսկ սահմանի փակման հնարավորության մասին քննարկումն անհանգստացնող կարող է դիտարկվել, քանի որ այդ սահմանը չի փակվել Իրանի համար ամենաբարդ փուլերում:

Ինչ վերաբերում է առևտրատնտեսական հարաբերություններին, ապա, կարծում եմ, ազատ առևտրի գոտում ակտիվությունը կնվազի, քանի որ պատժամիջոցները վերաբերում են ոչ միայն Իրանին, իրանական ընկերություններին, այլև նրանց հետ համագործակցող օտարերկրյա որոշ ընկերություններին, ինչը նշանակում է, որ այդ պատժամիջոցներից կսկսեն զգուշանալ նաև հայկական ընկերություններ, որից կտուժի հայ-իրանական առևտրատնտեսական ոլորտը: Բայց պետք է ընդունել նաև, որ մեծ պրոյեկտներ դեռ չկան, այնպես որ՝ լուրջ տնտեսական հետևանքներ Հայաստանը դժվար թե զգա»,- ասաց իրանցի քաղաքագետը:

Նրա խոսքով՝ ներկայումս Իրանի համար կարևոր է Հայաստանի քաղաքական աջակցությունը և չեզոքությունը, քանի որ դեռ հասկանալի չէ, թե ինչպիսին կլինի նրանց դիրքորոշումն այս իրավիճակի վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս