«Շինծու գործ է». Լարիսա  Ալավերդյանը՝ գերեվարված Կարեն Ղազարյանի դատավարության մասին

Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) շրջանում նոյեմբերի 20-ին տեղի է ունենալու Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի դատավարությունը, ով 2018թ. հուլիսի 15-ին հայտնվել էր Ադրբեջանի տարածքում։

ՀՀ քաղաքացուն Ադրբեջանում առաջադրված է 5 մեղադրանք՝ կյանքի և առողջության, հանրային անվտանգության, սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության, հասարակական կարգի դեմ, ինչպես նաև տնտեսական գործունեության ոլորտում հանցագործություններ գործելու հոդվածներով:

Կարեն Ղազարյանի դատավարությունն ընթանալու է ծանր հանցագործությունների համար նախատեսված ադրբեջանական դատարանում։

«Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա  Ալավերդյանը 168.am-ի հետ զրույցում  այս գործը շինծու  համարեց:

Կարդացեք նաև

Նրա փոխանցմամբ՝ Կարեն Ղազարյանի գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում  է, ինչ վերաբերում է  «Կարմիր Խաչին», ապա այն հնարավոր լուծումներ է առաջարկում:

«Չեմ բացառում՝ այս գործով կարելի էր նաև ներգրավել այլազգի դատապաշտպանների, բայց, ցավոք, մենք նման փորձ չունենք: Սումգայիթի դեպքերի առիթով խորհրդային տարիներին փաստաբաններ ենք հրավիրել Լենինգրադից՝ Բաքու և Սումգայիթ գնալու համար: Գնացել ու տեսել են, որ անհնար է այդտեղ աշխատել: Հնարավոր է՝ սա նկատի ունենալով՝ երկրոդ փորձ երբևիցե չի արվել»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպանը չի ողջունում նաև այն խոսակցությունները, թե հնարավոր  է՝ համաձայնության գան ու անօրինական կերպով Արցախ մուտք գործած, հանցագործություն կատարած Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին վերադարձնեն Ադրբեջան.

«Չկա որևէ ադրբեջանցի, որ Կարեն Ղազարյանի նման հայտնված լիներ հայկական կողմում: Իսկ Ասկերովի և Գուլիևի Ադրբեջան վերադարձի մասին խոսել՝ նշանակում է՝ արհամարհել միջազգային և բարոյական նորմերը: Դեմ եմ այդ զրույցների տարածում ստանալուն»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպանը հիշեցնում է՝ չպետք է մոռանալ, որ մարդասպանները հերոսացվում են այդ երկրում:

Հիշեցնենք, որ 2014թ. դեկտեմբերի 29-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի անդամներից Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով ԼՂՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով՝ լրտեսության, 350-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանց պատշաճ թույլտվության ԼՂՀ պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, 245-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մարդուն բացահայտ առևանգելու՝ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով՝ սպանությունը՝ զուգորդված մարդուն առևանգելով, կազմակերպված խմբի կողմից, ազգային ատելության շարժառիթով։

Իսկ Շահբազ Գուլիևը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով ԼՂՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով՝ լրտեսության, 350-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանց պատշաճ թույլտվության ԼՂՀ պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, 245-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մարդուն բացահայտ առևանգելու՝ կյանքի համար վտանգավոր բռնություն կիրառելով՝ զենքի գործադրմամբ, ինչպես նաև ուրիշին պատկանող գույքի գաղտնի հափշտակման մեջ։

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930