Բրազիլական ընկույզը խոչընդոտում է շաքարախտի զարգացմանը և քաշի ավելացմանը. գիտնականներ

Բրազիլական ընկույզի ամենօրյա օգտագործումը խոչընդոտում է քաշի ավելացմանը եւ բարերար ազդեցություն է ունենում սիրտ-անոթային համակարգի վրա: Այդ մասին, ինչպես հայտնել է EurekAlert պորտալը, վկայում են երկու միմյանցից անկախ կատարված գիտական հետազոտությունների արդյունքները, որոնք ներկայացվելու են Սրտի հիվանդությունների ուսումնասիրման ամերիկյան ասոցիացիայի գիտական խորհրդաժողովում, որը 2018 թվականին անցկացվելու է Չիկագոյում։

Գիտնականները հետազոտել են ավելի քան 126 հազար մարդու՝ տղամարդկանց ու կանանց անկետաների տվյալները, որոնք խրոնիկական հիվանդություններ չեն ունեցել: Յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ կամավորները նորացրել են իրենց սննդաբաժնում ընկույզի բաժնի վերաբերյալ տեղեկատվությունը: Սան-Դիեգոյի Կալիֆոռնիական համալսարանից աշխատության հեղինակները նաեւ հետազոտություններ են անցկացրել խմբերում: Առաջին խմբի ներկայացուցիչներին առաջարկել են ամեն օր կերակրի մեջ օգտագործել 36 գրամ աղի ոլորաբլիթներ, իսկ մյուսներին՝ ուտել 20 գրամ բրազիլական ընկույզ (մոտավորապես հինգ հատ):

Այդ քանակությամբ երկու մթերքները միեւնույն քանակությամբ կալորիաներ ու աղեր էին պարունակում: «Ե՛վ բրազիլական ընկույզները, ե՛ւ աղի ոլորաբլիթներն օգտագործելուց հետո առաջացրել են կուշտ լինելու զգացողություն: Բայց բրազիլական ընկույզները կայունացրել են գլյուկոզայի եւ ինսուլինի մակարդակը արյան մեջ, ինչը կարող է բարերար ազդեցություն ունենալ շաքարախտի եւ քաշի ավելացման կանխման հարցում»,-հոդվածում մեջբերվում է գիտական աշխատության ղեկավարի՝ SDSU Exercise and Nutritional Sciences-ի պրոֆեսոր Մի Յանգ Հոնգի խոսքը:

Ուսումնասիրությունը գիտնականներին եւ գործող բժիշկներին թույլ է տալիս հաշվի առնել բրազիլական ընկույզի օգտակար հատկությունները կուշտ լինելու զգացողությունը պահելու, արյան մեջ գլյուկոզայի օպտիմալ մակարդակը պահպանելու եւ քաշի ավելացման ու շաքարախտի զարգացման ռինսկերը նվազեցնելու գործում, եզրափակել է Հոնգը: Գիտական աշխատությանն օժանդակություն է ցույց տրվել Սրտի հիվանդությունների ուսումնասիրման ամերիկյան ասոցիացիայի դրամաշնորհով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս