Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում անակնկալ դեմքեր չեն լինելու

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում անակնկալներ չեն լինելու: Ցուցակում ներառված է լինելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական թիմը, անկուսակցականներ, նաև Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունից 2-3 մարդ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

««Իմ քայլը» դաշինքի ցուցակում չեն լինելու մի շարք մարդիկ, ում մասին շրջանառվում են լուրեր, և որոնք անհանգստացնում են մարդկանց։ Արդեն նշվել է, որ ՀՀԿ խմբակցությունից լինելու է 2-3 մարդ, որոնք ներկայացնում են համայնք և չեն հանդիսանում Հանրապետական կուսակցության անդամ: Որևէ օդիոզ դեմք, գործարար, մարդ, ով տանիք է փնտրելու, չի լինելու մեր ցուցակում: Ցուցակում լինելու է մեր քաղաքական թիմը, միգուցե լինեն նաև անկուսակցաններ, սակայն որևէ անակնկալի չսպասեք: Չսպասեք, որ ինչ-որ անսպասելի հայտնի դեմք կլինի մեր ցուցակում»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Նա նշեց, որ իրենց նախընտրական ցուցակում լինելու են մարդիկ, ովքեր ոչ միայն հեղափոխության շրջանում, այլ վերջին տարիների ընթացքում աչքի են ընկել հանրության տարբեր հարցեր բարձրացնելով:

Սիմոնյանը նկատեց, որ սակայն ընտրությունը հանրությանն է, մարդիկ են կայացնելու վերջնական որոշումը: Նա նշեց, որ իրենց թիմում խմորումներ չկան: «Մենք մի անգամ արդեն մասնակցել ենք ռեյտինգային համակարգով և նման խմորումներ մի կուսակցության մեջ, որը գործում է տարիներ շարունակ, կարծում եմ, որ չի լինի»,-նշեց Սիմոնյանը:

Պատգամավորի կարծիքով՝ ընտրություններից հետո լինելու է շատ լավ խորհրդարան, որն արտացոլելու է այսօրվա իրողությունները:

Տեսանյութեր

Լրահոս