«Արա Մինասյանը ՀՀ քննչական կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով երբեք որպես մեղադրյալ չի հրավիրվել, նրան նման ծանուցագիր ուղարկելու փորձ չի կատարվել». Փաստաբաններ
Ի պատասխան այսօր՝ նոյեմբերի 5-ին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի՝ մի շարք լրատվական կայքին տված հարցազրույցի, Արա Մինասյանի փաստաբանները պարզաբանում են ներկայացրել, որում ասված է. «1. «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանը ՀՀ քննչական կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով երբեք որպես մեղադրյալ չի հրավիրվել, նրան նման ծանուցագիր ուղարկելու փորձ չի կատարվել՝ ո՛չ փոստային առաքման, ո՛չ ոստիկանության աշխատակիցների և ո՛չ էլ փաստաբանների միջոցով։ Սույն հանգամանքը հաստատում է նաև ՀՀ քննչական կոմիտեի՝ սույն թվականի նոյեմբերի 2-ին տարածած ««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրենին որպես մեղադրյալ ներգրավելու մասի» վերտառությամբ հաղորդագրությամբ, ըստ որի՝ նոյեմբերի 2-ին վարույթն իրականացնող քննիչը ոչ միայն որոշում է կայացրել պրոֆեսոր Մինասյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, այլև զուգահեռաբար նրա նկատմամբ հայտարարել է հետախուզում և միջնորդություն է ներկայացրել դատարան մեղադրյալին կալանավորելու վերաբերյալ։ Պարզ չէ, թե մեկ օրվա ընթացքում որպես մեղադրյալ ներգրավելու և հետախուզում հայտարարելու դեպքում քրեական վարույթ իրականացնող մարմինը ինչպե՞ս կարող էր ապահովել պրոֆեսոր Մինասյանի պատշաճ ծանուցումը, դեռ ավելին, այս պայմաններում անհասկանալի է այնպիսի տեղեկատվության տարածումը, թե, իբր, վարույթն իրականացնող մարմինը մոտ 20 օր փորձել է ծանուցել պրոֆեսոր Ա.Մինասյանին՝ որպես մեղադրյալ, երբ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը կայացվել է ընդամենը 2018 թվականի նոյեմբերի 2-ին։
2. Սույն թվականի նոյեմբերի 1-ին պրոֆեսոր Մինասյանը հրավիրված է եղել հարցաքննության՝ որպես վկա դատավարական կարգավիճակով, իսկ նրա ներկայացուցիչը միայն նշել է, որ չի կարողացել կապվել պրոֆեսոր Մինասյանի հետ։ Քրեադատավարական օրենսդրության համաձայն՝ վկայի փաստաբանը չունի որևէ պարտականություն օգնելու վարույթ իրականացող մարմին վկային հայտնաբերելու ուղղությամբ, իսկ վկայի փաստաբանին ծանուցելը կամ նրա կողմից տրված դիմումը բավարար չէ հավաստելու վկային հայտնաբերելու ուղղությամբ քննչական մարմնի կողմից անհրաժեշտ միջոցառումներ կատարելու փաստը։ Նման պայմաններում պարզ չէ քննչական կոմիտե նախագահի խորհրդականի կողմից փաստաբանի՝ նոյեմբերի 1-ին տված գրավոր դիմումի վերաբերյալ պարզաբանման նպատակը։
3. Ինչ վերաբերում է 2018 թվականի նոյեմբերի 3-ին ժամը 17:30-ին նշանակված դատական նիստի հետաձգմանը, ապա նշենք, որ դատական նիստի ընթացքում մեղադրյալի պաշտպանը հարց է բարձրացրել, թե ինչպիսի միջոցներ են ձեռնարկվել վարույթն իրականացնող մարմնի և դատարանի կողմից դատական նիստի տեղի և ժամի մասին, ինչպես նաև կալանքի միջնորդություն ներկայացված լինելու վերաբերյալ պրոֆեսոր Ա.Մինասյանին տեղեկացնելու ուղղությամբ, սակայն ստանալով բացասական պատասխաններ և կարևորելով անձի անձնական ազատության սահմանափակման վերաբերյալ ներկայացված միջնորդության քննությանը տվյալ անձի մասնակցությունը՝ միջնորդություն է ներկայացվել նիստը հետաձգելու և հնարավորության սահմաններում պրոֆեսոր Ա.Մինասյանին ծանուցելու համար։ Սակայն ավելացնենք, որ դատական նիստը հետաձգվել է շատ կարճ ժամանակով՝ ընդամենը մինչև հաջորդ օրն առավոտյան ժամը 10:00-ն։
Ելնելով վերոշարադրյալից՝ պրոֆեսոր Մինասյանի պաշտպանական թիմը փորձելու է իրականացնել քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ գործողություններ պրոֆեսոր Մինասյանի նկատմամբ հայտարարված հետախուզումն ուժը կորցրած ճանաչելու և այդ մասով նրա խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ։
ԱՄՆ, Նյու-Յորք փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Հայկ Սարգսյան
ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Տիգրան Ղազարյան