Ինչու է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որոշել առանձին մասնակցել ընտրություններին
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը երկար քննարկումների արդյունքում առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին առանձին մասնակցելու որոշում է կայացրել: Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
Հարցին, թե ինչո՞ւ է «Լուսավոր Հայաստանը» որոշել առանձին մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, այլ ոչ թե «Լույս» դաշինքով, Մարուքյանը պատասխանեց.
«Մենք երկար քննարկումներ ունեցանք մասնակցության ձևաչափի վերաբերյալ և ընտրություններին առանձին մասնակցելու որոշում կայացրեցինք: Ես շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկերներին, մասնավորապես, «Հանրապետություն» կուսակցությանը՝ Արամ Զավենի Սարգսյանի գլխավորությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մեր համատեղ անցած ճանապարհի համար: Մենք միասին հիմնադրել են «Ելք» կուսակցությունների դաշինքը, որ բացառիկ նշանակություն ունեցավ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և հայ ժողովրդի կյանքում»,- ասաց Մարուքյանը:
Նրա խոսքով` հին Ընտրական օրենսգրքի ուժի մեջ մնալու հանգամանքը, բնականաբար, իր ազդեցությունն ունեցել է որոշումներ կայացնելու վրա, և իրենք հանգել են այն եզրակացության, որ լավագույն տարբերակը դա է:
«Մյուս կողմից՝ կարծում ենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների հետ մեր համագործակցության հնարավորությունները սպառված չեն, և ապագայում նման հնարավորություն լինելու դեպքում, ի շահ ՀՀ քաղաքացիների, նոր համագործակցությունը հնարավոր է»,- ասաց Մարուքյանը:
Նա նշեց նաև, որ նախընտրական ցուցակում ընդգրկված կլինեն տարբեր քաղաքացիական խմբերից և կուսակցություններից ներկայացուցիչներ, ովքեր ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվեն հանրապետության 13 ընտրական տարածքներում: