«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին մասնակցության ձևաչափի վերաբերյալ դեռ քննարկում չի անցկացրել
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններում դաշինքով կամ առանց դաշինքի մասնակցության վերաբերյալ դեռ քննարկումներ չի անցկացրել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց կուսակցության անդամ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Մասնակցության ձևաչափի վերաբերյալ կուսակցությունում դեռ քննարկում չի եղել: Երբ կլինի քննարկում, այդ մասին հավուր պատշաճի կտեղեկացնենք հանրությանը»,-ասաց Տոնոյանը:
Հարցին՝ նախընտրական ցուցակի մասով որոշակիություն կա արդյոք, Տոնոյանը պատասխանեց, որ դեռ ընթացիկ քննարկումների մեջ են, երբ կլինի վերջնական ձևավորված ցուցակ, կհրապարակեն: Սակայն նա հաստատեց, որ ցուցակը կգլխավորի Գագիկ Ծառուկյանը:
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018թ-ի դեկտեմբերի 9-ին, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ից։ Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև նոյեմբերի 14-ը, ժամը 18։00-ն։ Դրանց գրանցումը ԿԸՀ-ն կիրականացնի մինչև նոյեմբերի 19-ը, ժամը 18։00-ն։ Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ: