Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Յուրի Վարդանյանի ընտանիքին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 2-ին ցավակցական հեռագիր է հղել Յուրի Վարդանյանի ընտանիքին:
Ինչպես տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչությունից, հեռագրում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա հայ աշխարհահռչակ ծանրամարտիկ, օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն Յուրի Վարդանյանի վաղաժամ մահվան մասին։
Մեծ է Յուրի Վարդանյանի ավանդը համաշխարհային սպորտի զարգացման գործում։ Բազմաթիվ անգամներ նվաճելով օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնի կոչումները, սահմանելով աշխարհի մի քանի տասնյակ ռեկորդներ, ճանաչվելով աշխարհի լավագույն ծանրորդ՝ նա միշտ բարձր է պահել հայրենի երկրի եւ հարազատ ժողովրդի անունն ու պատիվը, իր փորձն ու գիտելիքները ծառայեցրել է Հայաստանի Հանրապետության զորացմանն ու բարգավաճմանը:
Նա ուներ յուրահատուկ վերաբերմունք Արցախի նկատմամբ եւ նշանակալի աշխատանք է կատարել ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի զարգացման, Արցախն արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու ուղղությամբ: Այս գործում ունեցած մեծ վաստակի համար Յուրի Վարդանյանը պարգեւատրվել էր ԼՂՀ Մեսրոպ Մաշտոց շքանշանով:
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից անդառնալի կորստի կապակցությամբ ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, մեր հայրենակիցներին եւ նրա բոլոր երկրպագուներին, մաղթում եմ տոկունություն ու ոգու կորով։
Լեգենդար ծանրամարտիկի անունը միշտ վառ կմնա հայ ժողովրդի պատմության մեջ»։