Բաժիններ՝

Չինաստանում ավտոբուսի վարորդի և ուղեւորուհու կոնֆլիկտը հանգեցրել է մահացու վթարի

Չինաստանում ավտոբուսը Յանցզի գետն է ընկել Չունցին քաղաքի տարածքում ուղեւորուհու եւ փոխադրամիջոցի վարորդի միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով: Պատահարի զոհ է դարձել 13 մարդ, եւս երկուսն անհետ կորած են համարվում: Այդ մասին  հայտնել է Sina լրատվական պորտալը:

Հրատարակության տեղեկատվության համաձայն, կոնֆլիկտի պատճառը դարձել է այն, որ կինը բաց էր թողել կանգառը եւ վարորդից պահանջել էր կանգնեցնել ավտոբուսը: Վերջինս հրաժարվել էր կատարել խնդրանքը, քանի որ այդ պահին փոխադրամիջոցն արդեն անցնում էր գետի վրայի կամրջով: Չինուհին սկսել է անպատվել վարորդին, այնուհետեւ հարվածել է նրան:

Հրապարակված կադրերում երեւում է, թե ինչպես է տղամարդը փորձել պաշտպանվել եւ պատասխան հարված հասցնել, ինչի պատճառով ստիպված է եղել աջ ձեռքը հետ քաշել ղեկից եւ շեղվել ճանապարհից: Այդ պահին նա կորցրել է կառավարումը, եւ ժամում 51 կիլոմետր արագությամբ ընթացող ավտոբուսը դուրս է եկել հանդիպական գոտի, որտեղ բախվել է մարդատար ավտոմեքենայի, մխրճվել արգելփակոցի մեջ եւ ընկել գետը:

Չինաստանի իշխանություններն արտակարգ պատահարի վայր են ուղարկել տասնյակ փրկարարների, ոստիկանների, ջրասուզակների ու կամավորների: Մասնագետներին հաջողվել է փոխադրամիջոցը բարձրացնել 70-մետրանոց խորությունից, գործարկելով մի քանի նավ եւ անցկացնելով ընդջրյա աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս