«Աստվածացման, ֆետիշացման չափ ու սահման կա, էլի»
ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել և շահագրգիռ բոլոր անձանց հրավիրում է հանրային քննարկման՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերակոչելու թեմայի շուրջ։
Այս հայտարարությունը հանրության շրջանում տարաբնույթ կարծիքների տեղիք տվեց, շատերի համար օդանավակայանը պետք է կրի Ազնավուրի անունը, մի մասի կարծիքով էլ՝ օդանավակայանն արդեն ունի անուն, և ճիշտ կլիներ, որ Շառլ Ազնավուրի անունով անվանակոչեին որևէ փողոց, քաղաք կամ մշակութային կենտրոն։
168.am-ի հետ զրույցում ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանն անդրադառնալով այս նախաձեռնությանը՝ նշեց, որ դեմ է օդանավակայանի անվանափոխությանը։
«Եթե նույնիսկ մեր օդանավակայանի անունը «Զվարթնոց» չլիներ, ապա Շառլ Ազնավուրի անունով օդանավակայան կոչելը ճիշտ չեմ համարում։ Պետք չէ պահի ազդեցության տակ մարդուն աստվածացնել, քանի որ մենք մեծություններ շատ ունենք, եթե այդպես գնանք, ուրեմն կարող է մի օր էլ մեկի մտքով անցնի՝ Աշտարակ քաղաքը փոխի Գևորգ Էմինի կամ Ներսես Աշտարակեցու անունով։ Շառլ Ազնավուրն ազգությամբ հայ-ֆրանսիացի երգիչ էր, և հիմա ի՞նչ, գնանք Ֆրանսիայում երգիչ դառնանք, որ Հայաստանում մեծարվե՞նք, ամեն ինչ չափ ու սահման ունի։ Մենք ընկնում ենք ծայրահեղությունների մեջ»,- ասաց ճարտարապետը։
Արտակ Ղուլյանի բնորոշմամբ՝ «Զվարթնոցը» միայն սովորական եկեղեցի չէ, այն հայկական մշակույթի մի ամբողջ դարաշրջանի գագաթն է։
««Զվարթնոցը» կարող է Հայաստանի խորհրդանիշը լինել, իսկ Շառլ Ազնավուրը չի կարող լինել, ոչ էլ Վիլյամ Սարոյանն ու Արշիլ Գորկին, այս պարզունակ բաները պետք է հասկանան, էլի, ուղղակի զարմանալի է, և մշակութային անկման արտահայտություններից մեկն էլ սա է։ Աստվածացման, ֆետիշացման չափ ու սահման կա, էլի։ Բոլորս էլ հասկանում ենք, որ Շառլ Ազնավուրն է, բայց եկեք շունչ քաշենք ու հասկանանք, թե ինչ ենք ուզում անել»,- շեշտեց ճարտարապետը և նկատեց, որ, եթե ցանկանում են վառ պահել և հարգել Շառլ Ազնավուրի հիշատակը, թող լավ Հայաստան կառուցեն։
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Նիկոլ Ծատուրյանի կարծիքով՝ ոչինչ տեղի չի ունենա, եթե «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը դառնա Շառլ Ազնավուրի անվան օդանավակայան. «Ինչ ասեմ, եթե Ֆրանսիայի օդանավակայանը Շառլ Դը Գոլի անունով է, թող մեր օդանավակայանն էլ Ազնավուրի անունով լինի։ Ուղղակի «Զվարթնոցը» մեկ բառ է, և ավելի հեշտ է ասել, այսքան բան»,- նշեց բեմադրիչը։
ՀՀ վաստակավոր նկարիչ, քանդակագործ Դավիթ Մինասյանի համար կարևոր են անվանակոչումները, սակայն այս դեպքում անվանակոչումը չպետք է լինի օդանավակայանի հաշվին։
«Կարծում եմ՝ այստեղ մենք ցուցաբերում ենք շտապողականություն, օդանավակայանը «Զվարթնոց» է կոչվում, և այնպես չէ, որ ունի Խորհրդային Միության շրջանի ինչ-որ անվանում, «Զվարթնոցն» այն անվանումը չէ, որի հաշվին կարելի է գնալ այդ քայլին։ Շառլ Ազնավուրի անունով կարող են անվանակոչել շատ փողոցներ, հրապարակներ, թատրոններ, նույնիսկ քաղաքաներ»,- ասաց քանդակագործը։
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցի կարծիքով՝ «Զվարթնոցը» շատ պայծառ և գեղեցիկ անվանում է։
«Բայց հարգանքի տուրք միանշանակ ընդունելի է մեծն Շառլ Ազնավուրի դեպքում, եթե օդանավակայանի անունը փոխեն, կարծում եմ՝ դրանից ոչինչ չի փոխվի, քանի որ երկու անուններն էլ շատ պայծառ են»։
Նշենք, որ նոյեմբերի 1-ին ՀՀ մշակույթի նախարարությունը պարզաբանում էր տարածել, որտեղ մասնավորապես նշել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերանվանելու առնչությամբ նախարարությունը տվել է բացասական կարծիք` ներկայացնելով հիմնավորումներ: Սակայն և՛ Մշակույթի նախարարությունը, և՛ կառավարության աշխատակազմը շարունակում են քաղաքացիներից ստանալ «Զվարթնոց» օդանավակայանը վերանվանելու հետ կապված առաջարկներ: Ելնելով վերոնշյալից, որոշում կայացվեց` հանրային քննարկման միջոցով պարզել հանրության գերակշիռ մասի տեսակետը` հիմնավորումներով:
Զվարթ Խաչատրյան