Հարկային բեռը որոշակիորեն կնվազեցվի՝ եկամտահարկի և շահութահարկի մասով. Տիգրան Ավինյան
Հարկային բեռը որոշակիորեն կնվազեցվի՝ եկամտահարկի և շահութահարկի մասով:
Այս մասին «ArmProd EXPO 2018» 17-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի պաշտոնական բացմանը լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:
Նրա խոսքով՝ հարկային բեռի նվազեցումն ավելի բարենպաստ պայմաններ է ստեղծելու տնտեսավարողների համար:
«Ընդհանուր ծրագիրը միտված է լինելու արտահանման խթաններ ստեղծելուն: Մեր պոտենցիալը գտնվում է հենց այս ոլորտում, և մենք պետք է զարգացնենք մեր արտահանման պոտենցիալը»,- նշեց Ավինյանը:
ՀՀ փոխվարչապետն ասաց, որ Կառավարությունն աշխատում է ներառական տնտեսական աճի ծրագրի վրա, որը նախընտրական ծրագրի և ընտրվելու պարագայում ապագա կառավարության ծրագրի հիմքն է հանդիսանալու:
«Մենք այս պահին շատ հստակ ռազմավարություն ենք մշակում գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված, և այդ ռազմավարության ներքո քննարկվելու են բոլոր հնարավոր սուբսիդավորման ծրագրերը, որոնք որ թույլ կտան ոչ թե վարկեր, այլ կապիտալ ներդրումներ սուբսիդավորել: Դա վերաբերում է նոր այգիների հիմնմանը, ոռոգման համակարգերի տեղադրմանը, հակակարկտային միջոցների տեղադրմանն ու ապահովագրության ներդրմանը, որի ուղղությամբ 2019 թվականին պիլոտային ծրագիր ենք իրականացնելու»,-ընդգծեց Տիգրան Ավինյանը: