
Իտալիայում տարերքի զոհերի թիվը հասել է 16-ի

Իտալիայում այս շաբաթ հաստատված անբարենպաստ եղանակի զոհերի թիվը հասել է 16-ի: Վալլե-դ՛Աոստա հյուսիսիտալական մարզի հրշեջ ծառայության ներկայացուցիչները հայտնել են, որ Գրեսոն լեռնահովտում նոյեմբերի 1-ի առավոտյան զոհվել են երկու քաղաքացիներ, որոնց ավտոմեքենայի վրա խոշոր ծառ է ընկել, որը տապալվել էր քամու ուժեղ պոռթկումի հետեւանքով:
Ճանապարհով երթեւեկությունը, որտեղ տեղի է ունեցել արտակարգ պատահարը, դադարեցված է: Ներկայում միջադեպի վայրում աշխատում են հրշեջները եւ Քաղաքացիական պաշտպանության ծառայության աշխատակիցները: Եվս մեկ իտալացի, որը տուժել էր եղանակային պայմաններից, նոյեմբերի 1-ին մահացել էր Տրենտինո-Ալտո-Ադիջե մարզի Բոլցանո քաղաքի հիվանդանոցում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ վերջին օրերին Իտալիայում անբարենպաստ եղանակի հետեւանքով զոհվել է 13 մարդ:
Հորդառատ անձրեւներով, քամու ուժգին պոռթկումներով, հեղեղումներով եւ սողանքներով ուղեկցվող վատ եղանակը Ապենիններ էր եկել դեռ հոկտեմբերի 28-ին:
Հոկտեմբերի 29-ին Քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայության ցուցումով մետեովտանգի «կարմիր» (բարձրագույն) մակարդակ էր հայտարարվել երկրի հյուսիսի հինգ մարզերում: Ներկայում սպառնալիքի այդ մակարդակը պահպանվում է Վենետոյի մարզում, որտեղ տարերային աղետից վնասն արդեն կազմել է մոտավորապես 1 մլրդ եվրո: Սակայն Իտալիայի բազմաթիվ այլ շրջաններում գործում է վտանգի «նարնջագույն» մակարդակի ռեժիմ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: