
Բրազիլիայի նորընտիր նախագահը հավաստեց երկրի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մտադրությունը

Բրազիլիայի ընտրյալ նախագահ Ժաիր Բոլսոնարուն հավաստել է դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ Իսրայելի մայրաքաղաքը որոշելու իրավունքն ունի բացառապես այդ երկրի ժողովուրդը։ Նախընտրական արշավի ընթացքում նա արդեն խոստացել է Իսրայելում դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ: Նոր նախագահը պաշտոնը կստանձնի 2019 թվականի հունվարի 1-ին:
«Իսրայելն ինքնիշխան պետություն է: Եթե դուք ընտրում եք ձեր մայրաքաղաքը, նշանակում է՝ մենք ընդունում ենք այդ ընտրությունը»,- հայտարարել է Բոլսոնարուն իսրայելական Israel Hayom թերթում հրապարակված հարցազրույցում:
Եթե Բրազիլիայի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու որոշումն ընդունվի, ապա Բրազիլիան կմիանա ԱՄՆ-ին եւ Գվատեմալային, որոնք առաջինն են դեսպանատները տեղավորել Երուսաղեմում՝ չնայած քաղաքի չկարգավորված կարգավիճակին եւ դրա արեւելյան շջանների նկատմամբ պաղեստինցիների հավակնություններին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: