Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ նոր իշխանությունները պատրաստ են օգնելու գործարարներին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում անդրադառնալով այն հարցին, թե ներդրումների առումով Հայաստանն ինչ հնարավորություններ ունի կամ ինչ հնարավորություններ է ստեղծում, նշեց, որ հեղափոխությունից հետո պետք է առաջին հերթին մտածողության փոփոխություն տեղի ունենա, և այն ձևակերպվի հետևյալ կերպ, որ  ցանկացած փակուղու մեջ պետք է փնտրել և գտնել ելքեր և ցանկացած անհնարինության մեջ պետք է տեսնել հնարավորություններ։

«Մենք այս բանաձևով կարողացել ենք քաղաքական փոփոխություններ անել, պետք է անենք նաև տնտեսական փոփոխություններ»,- նշեց Ն. Փաշինյանը։

Ինչ վերաբերում է գործարար շրջանակներին աջակցության ցուցաբերմանը, Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ նախկին  քաղաքական համակարգում կար մի առանձնահատկություն, երբ երկրի ղեկավարը կամ ղեկավարությունն էր որոշում, թե ով տնտեսական ինչ գործունեություն ծավալի, ինչ ներմուծի կամ արտահանի։

«Մեր հիմնական ուղերձը, որն այսօր փորձում ենք հաղորդել մեր բիզնես միջավայրին, հետևյալն է, երբ մենք մարդկանց դիմում ենք կոչով և ասում ենք՝ հարստացեք և հարստացրեք, մենք մտադիր չենք այս ուղերձը տարբերակել՝ ըստ քաղաքական նախապատվությունների և հայացքների։ Մենք ցանկանում ենք, որ Հայաստանի բոլոր գործարարաները լինեն հաջողակ և եկամուտներ ստատան։ Եվ երբ նրանք գործեն օրինականության դաշտում՝ կստացվի, որ ՀՀ քաղաքացիները և ժողովուրդն այդ եկամուտներից ստանում են իրենց բաժինը։ Կարծում եմ, որ ամենամեծ քաղաքական փոփոխությունը հենց դա է, ով կարողանում է արդյունք ստեղծել, մենք որևէ մեկի համար խոչընդոտներ չենք ստեղծելու, ընդահակառակը՝ ստեղծելու ենք պայմաններ, որպեսզի այդ մարդիկ ավելի հաջողակ լինեն, քան կլինեին խոչընդոտների պարագայում»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը

Նրա խոսքով՝ նոր իշխանության  ուղերձում նաև ասվում է, որ փողը չպետք է օգտագործվի ՀՀ քաղաքացիների կամքը նսեմացնելու համար։ Ավելին՝ նոր իշխանությունները պատրաստ են օգնելու գործարարներին, որպեսզի նրանք օրինականության ճանապարհով հնարավորինս շատ եկամուտներ ստանան։

«Բայց մենք համաձայն չենք և թույլ չենք տա, որ փողի գործադրմամբ ՀՀ քաղաքացու քաղաքական կամքի արտահայտումը խոչընդոտվի»,- ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս