Բաժիններ՝

Մոսկվան պատասխան պատժամիջոցներ սահմանեց Ուկրաինայի քաղաքական գործիչների ու պաշտոնյաների դեմ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը որոշում է ստորագրել Ուկրաինայի նկատմամբ պատասխան պատժամիջոցների մասին: Ցուցակում տեղ են գտել 322 մարդ եւ 68 ընկերություն, այդ թվում՝ գործարար Վիկտոր Պինչուկը, նախագահ Պյոտր Պորոշենկոյի ավագ որդին, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն։

Ինչպես ասված է որոշման մեջ, «հատուկ տնտեսական միջոցների» սահմանումը ենթադրում է Ռուսաստանի տարածքում դրամական միջոցների, արժեթղթերի եւ ունեցվածքի սառեցում ու Ռուսաստանի տարածքից Ուկրաինա միջոցների փոխանցման արգելք: Պատժամիջոցների ցուցակում փոփոխություններ կատարելու համար պատասխանատու է լինելու Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը: Ցուցակում տեղ են գտել նաեւ Ուկրաինայի գործող պաշտոնյաներ, զինվորականներ ու ձեռնարկատերեր:

Ցուցակը հրապարակված է Ռուսաստանի կառավարության կայքում: Պատժամիջոցների տակ են հայտնվել Ուկրաինայի նախկին վարչապետներ Յուլյա Տիմոշենկոն եւ Արսենի Յացենյուկը, Ռուսաստանում արգելված «Աջ սեկտորի» նախկին առաջնորդ Դմիտրի Յարոշը, մի խումբ զորահրամանատարներ, ներառյալ պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակը, գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն, ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Վալերի Չալիյը եւ երկրի նախագահի որդին՝ Ալեքսեյ Պորոշենկոն:

Պատժամիջոցները տարածվելու են Գերագույն ռադայի պատգամավորների, Ուկրաինայի Սահմանադրական դատարանի դատավորների, նախագահի վարչակազմի պաշտոնյաների, իշխանության մարմինների ու խոշոր ընկերությունների ղեկավարների, ինչպես նաեւ գործարարների ու ընկերությունների վրա: Մասնավորապես, ցուցակում ներառված են միլիարդատեր Վիկտոր Պինչուկը եւ նրա վերահսկողության տակ գտնվող EastOne Group Ltd ներդրումային-կոնսալտինգային խումբը, որը գրանցված է Մեծ Բրիտանիայում: Ընդսմին ցանկում տեղ չեն գտել ուկրաինացի այլ խոշոր գործարարներ, օրինակ՝ Իգոր Կոլոմոյսկին եւ Սերգեյ Տարուտան:

Պատժամիջոցները սահմանվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հոկտեմբերի 22-ին ստորագրված հրամանագրին համապատասխան: Այն ժամանակ Կրեմլում հայտնեցին, որ որոշումն ընդունվել է «ի պատասխան Ուկրաինայի ոչ բարեկամական եւ միջազգային իրավունքին հակասող գործողությունների՝ կապված Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների եւ իրավաբանական անձանց նկատմամբ սահմանափակիչ միջոցների կիրառման հետ»: ՌԴ-ին Ղրիմի միացումից եւ Դոնբասում ռազմական գործողությունների սկսվելուց հետո Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 1228 քաղաքացիների եւ 468 ընկերությունների նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս