Բաժիններ՝

«Անտառային ֆոնդի իմաստով՝ արդեն աղետի եզրին ենք». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի այն հարցին, թե Հայաստանը չի՞ պատրաստվում դրսից, այդ թվում՝ Ռուսաստանից, վառելափայտ կամ քարածուխ ներկրել, որպեսզի դրանով ապահովի գյուղական համայնքերի վառելափայտի խնդիրը և Հայաստանի անտառների պահպանությունը, ասաց, որ այդ թեմայով քննարկումներ ունեցել են, և ներքին շուկայում պահանջարկի առաջանալուն զուգընթաց՝ նման պահանջներ ի հայտ կգան։

Վարչապետի պաշտոնակատարը հույս հայտնեց, որ որոշակի ժամանակաշրջանում կկարողանան ներքին արտադրության խթանման միջոցով նաև հարցը լուծել։
«Կան տեխնոլոգիաներ, մասնավորապես՝ Սյունիքի մարզում փորձարկվում է այդ տեխնոլոգիան, երբ որ ծղոտից պատրաստվում է վառելիք, որը կոչվում է բրիկետ կամ պելետ, դրանք իրենց կալորիականությամբ շատ ավելի բարձր են, քան փայտանյութը։ Իսկ ընդհանուր առամամբ, պետք է ասեմ, որ շուկայում պահանջարկի առաջացման դեպքում նման գործընթացներ պետք է լինեն, ինչո՞ւ մինչև այժմ չի եղել, որովհետև բոլորն իմացել են, որքան պետք է՝ անտառներ կհատեն և կբավարարեն ներքին պահանջը, այդ պատճառով էլ որևէ մեկի մտքով չի անցել, որ կարելի է փայտանյութը ներկրել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը և նկատեց, որ Հայաստանից փայտանյութ արտահանվել է, ինչը Հայաստանի իրավիճակում աբսուրդ է։

Նա նաև տեղեկացրեց, որ փայտանյութի խնդրի հետ կապված հանձնարարական է տվել, որպեսզի անտառների սանիտարական հատումների շրջանակներում գյուղական վայերում որոշակիորեն լուծեն  վառելափայտի խնդիրները։

«Մյուս կողմից էլ՝ մենք բոլորս հասկանում ենք, որ անտառային ֆոնդի իմաստով՝ արդեն աղետի եզրին ենք, որը սպառնալիք է մեր երկրի կայուն զարգացման և հեռանկարի համար»,- շեշտեց վարչապետի պաշտոնակատարը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս