«Հայաստանի դիրքորոշումՆ ԱՄՆ պատվիրակության ներկայացուցիչների համար եղել է պարզ, ընկալելի և նույնիսկ ընդունելի». Նիկոլ Փաշինյան
«Հայաստանը հարգանքով է վերաբերվում յուրաքանչյուր երկրի հայտարարություններին և յուրաքանչյուր երկրի ազգային, պետական շահերին, բայց Հայաստանն ունի իր ազգային և պետական շահերը»,- այսօր Ազգային ժողովում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի՝ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունների վերաբերյալ հարցին։
Կյուրեղյանը մասնավորապես հետաքրքրվեց Իրանի վերաբերյալ Ջոլթոնի հայտարարության և հայ-իրանական հարաբերությունների մասին վարչապետի դիրքորոշման մասին. «Ինչո՞ւ կառավարությունը որևէ գնահատական չտվեց Բոլթոնի և հեռացող դեպան Միլսի հայտարարություններին։ Արդյո՞ք Բոլթոնի հետ առանձնազրույցում քննարկվել են Հայաստան-Իրան հարաբերություններում փոփոխությունների հարցը« և դա որևէ կերպ կապ կունենա՞ Հայաստանում ամերիկյան ներդրումների հեռանկարի հետ»։
Ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ Հայաստանն ունի իր ազգային և պետական շահերը, որոնք միշտ չէ, որ կարող են համընկնել այլ երկրի շահերի, պատկերացումների հետ. «Հայաստանի կառավարությունը ելել է, ելնում է և շարունակելու է հենվել Հայաստանի ազգային շահերի վրա: Որևէ մեկդ չկասկածի, որ մենք մեր բոլոր գործողությունները կառուցում ենք մեր ազգային պետական շահերի վրա՝ և՛ ԱՄՆ-ի, և՛ Իրանի, և՛Ռուսաստանի հետ հարաբերություններում, բոլոր երկրների հետ հարաբերություններում ևս», – հայտարարեց Փաշինյանը՝ հորդորելով բոլորին այլ երկրների ներկայացուցիչների հայտարարությունները չվերագրել ՀՀ կառավարությանը:
Նա վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը՝ Վրաստանի և Իրանի հետ հարաբերություններՆ առանձնահատուկ են և պետք է հնարավորինս դուրս լինեն աշխարհաքաղաքական ազդեցություններից. «Այդ դիրքորոշումը շատ հստակ ձևակերպվել է նաև պարոն Բոլթոնի հետ հանդիպման ընթացքում: Ես կարծում եմ, որ Հայաստանի դիրքորոշումը ԱՄՆ պատվիրակության ներկայացուցիչների համար եղել է պարզ, ընկալելի և նույնիսկ ընդունելի»։
Կյուրեղյանը նաև անդրադարձավ Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների կողմից ստորագրված հռչակագրին, և նշեց, թե արդյո՞ք Արցախին վերաբերող հատվածին Իրանի ԱԳ նախարարի միանալը Փաշինյանը չի դիտում Բոլթոնի հայտարարություններին ՀՀ կառավարության որևէ կերպ չարձագանքելու համատեքստում։ Փաշինյանն ասաց, որ այդպես մեկնաբանելն առնվազն լուրջ չէ: