
«Սա խայտառակ երևույթ է. այսօր Հայաստանում տեսնում ենք գետեր, որոնք դե ֆակտո կան, բայց դե յուրե չկան». Նիկոլ Փաշինյան

«Այս պահին տարբեր քննչական մարմիններում քննվում են մոտ 200 մլն դոլարի չարաշահումների, յուրացումների, վատնումների վերաբերյալ քրեական գործեր»,- այսօր խորհրդարանում այս մասին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Քրեական գործ կա հարուցված «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի կառուցման վերաբերյալ։ Որևէ կասկած չկա, որ տրանշ 1 ծրագրի շրջանակներում իրականացված շինարարությունը չի համապատասխանում որակական չափանիշերին, և մենք հետևողական ենք լինելու, որ բաց թողնված որակական չափանիշերը վերականգնվեն, այսինքն՝ ճանապարհը բերվի պատշաճ մակարդակի»,- հայտարարեց նա։
Ըստ Փաշինյանի՝ կարևոր է այսօր հաստատել կանոններ, որոնք հետագայում կբացառեն նման մոտեցումները։
«Երկար տարիներ Հայաստանում քննարկվում էր փոքր հէկ-երի խնդիրը։ Դրանք դարձել են չարաշահման մի հսկա տիրույթ։ Մենք վերջերս ստուգումներ ենք իրականացրել Հայաստանում գործող 188 փոքր հէկ-երից 150-ում, և նրանց 95 տոկոսում ջրաչափ տեղադրված չէր։ Օրենքի կոնկրետ պահանջ է, որ փոքր հէկ-երը պետք է ունենան ջրաչափ, բայց 95 տոկոսում չկար։ Սա խայտառակ երևույթ է։ Ավելին, այդ փոքր հէկ-երի մեծ մասում տեղադրված են այնպիսի գեներատորներ, որոնք չեն համապատասխանում լիցենզիայի պահանջներին»,- ընդգծեց նա։
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ այդ փոքր հէկ-երը վերցնում են ավելի շատ ջուր՝ ավելի հզոր գեներատոր օգտագործելու համար, ավելի շատ էլեկտրաէներգիա և ավելի շատ եկամուտ ստանալու համար, ինչը, ըստ նրա՝ ոչ միայն ջրային բալանսի խախտման է բերում, այլև՝ պետական եկամուտների կորստի. «Հիմա պետք է աշխատենք բաց թողնված եկամուտը վերականգնելու ուղղությամբ»։
Նա անդրադարձավ նաև խնդրի բնապահպանական կողմին։ «Այսօր Հայաստանում տեսնում ենք գետեր, որոնք դե ֆակտո կան, բայց դե յուրե չկան։ Սա դրա հետևանքն է»,- ընդգծեց վարչապետը։