Բաժիններ՝

«Ինձ այստեղ նշանակել է ոչ թե Արարատ Միրզոյանը, այլ մշակույթի նախարարը». Պարզաբանում է Լիլիթ Սարգսյանը

Վերջին օրերի ընթացքում համացանցում և դրա տիրույթից դուրս քննարկվում են Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնում տեղի ունեցող իրադարձությունները։

Այսպիսով՝ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, հուլիսին ՀՀ մշակույթի նախարարի հրամանով փորձագիտական կենտրոնի տնօրեն էր նշանակվել Լիլիթ Սարգսյանը: Նշանակումից օրեր անց կենտրոնի աշխատակիցները սկսել էին բողոքել, որ նորանշանակ տնօրենը գործ անելու փոխարեն՝ հերթով ազատվում է հին աշխատակիցներից։

Այս խոսակցություններն է՛լ ավելի թեժացան, երբ փորձագիտական կենտրոնի մի շարք նախկին աշխատակիցներ երկու շաբաթ առաջ բաց նամակով դիմել էին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ Լիլիթ Սարգսյանի պատճառով դարձել են գործազուրկ և պահանջում էին, որպեսզի արդարությունը վերականգնվի։ Նրանք բաց նամակում նաև նշել էին, որ Լ. Սարգսյանը նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի կողմից, ով Լիլիթ Սարգսյանի ուսանողն է եղել։

168.am-ը այս բոլոր խնդիրների վերաբերյալ փորձեց պարզաբանում ստանալ Լիլիթ Սարգսյանից։

Տիկին Սարգսյան, Ձեզ այս պաշտոնում ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյա՞նն է նշանակել, նա ձեր ուսանո՞ղն է եղել, ինչպես պնդում են Ձեր նախկին աշխատակիցները։

– ՀՀ մշակույթի նախարարության ՊՈԱԿ-ի տնօրեն նշանակում է ոչ թե՝ փոխվարչապետը, այլ՝ մշակույթի նախարարը, հետևաբար՝ փոխվարչապետի պաշտոնակատարը չէր կարող ինձ նշանակել, նա այդ իրավասությունը չունի։ Երբ Արարատ Միրզոյանը նշանակվեց առաջին փոխվարչապետի պաշտոնում, բոլորը Ֆեյսբուքով նրան շնորհավորեցին, ես նույնպես իմ գոհունակությունը հայտնեցի, քանի որ նա արվեստաբան է։ Իմ կարիերայի ամենասկզբում, երբ աշխատանքի անցա ԵՊՀ արվեստի պատմության ամբիոնում, Արարատ Միրզոյանն առաջին կուրսում էր սովորում, այդ ժամանակ դեռ ժամեր չունեի, որպեսզի իրեն դասավանդեի։

Այսինքն, ես նրա անմիջական դասախոսը չեմ եղել, բայց բազմիցս ասել եմ, որ հպարտ եմ, քանի որ արվեստաբանական կրթություն ունեցող այդպիսի ուսյալ մտավորականն այսօր մեր երկրի ղեկավարման կարևոր դիրքերում է։ Մնացած խոսակցությունները պարզապես բանսարկություններ են և բավականին տգեղ ու ցածր մակարդակի։

– Խոսակցություններ կան, որ Դուք ՊՈԱԿ-ում հայտարարել եք, որ շարունակելու եք այն ղեկավարել՝ անկախ այն հանգամանքից, թե տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարվելիք մրցույթում ինչպիսի արդյունքներ կգրանցեք։

– Ես կենտրոնում ժողով եմ արել և աշխատակիցներին խնդրել եմ, որ ինձ քիչ զբաղեցնեն, որպեսզի կարողանամ ծանոթանալ 2018 թվականի Աշխատանքային օրենսգրքին։ ՀՀ մշակույթի նախարարության կադրերի բաժնի պետին կարող եք հարցնել, որ իրենից բազմիցս հարցաշար եմ խնդրել, որպեսզի պարապեմ, այսքանից հետո ի՞նչ եք կարծում՝ աշխատանքով ծանրաբեռնված տնօրեն, ով աչք բացելու ժամանակ չունի, կարո՞ղ էր նման բան ասել։

Եթե այսօր լինեին այնպիսի բարքեր, որպեսզի կարողանայի այդ մոտեցումը ցուցաբերել, ժամանակ կտրամադրեի, ջանք կթափեի, որպեսզի պարապեի իրավական դաշտը յուրացնելու համար, և այլն։ Հետևաբար, եթե այս նոր կառավարության կողմից նշանակված տնօրեն եմ, նա կհանդուրժե՞ր նման պահվածք որևէ տնօրենի կողմից։ Ես ոչ միայն իրավական, այլև բարոյական և մարդկային պատասխանատվություն ունեմ անմիջական իմ վերադասի հանդեպ, ով ինձ նշանակել է այստեղ՝ առաջին հերթին հենվելով մարդկային տեսակի վրա։

Իսկ մարդկային տեսակը ենթադրում է մաքրություն, ազնվություն, թափանցիկություն։ Գաղտնիք չէ, որ խնամի-ծանոթ-բարեկամ տարբերակներն այսօր բացառվում են։ Ավելին՝ մերօրյա կառավարությունում, դիցուք՝ Մշակույթի նախարարությունում, կան մարդիկ, ովքեր ինձ շատ մտերիմ են, ի վերջո, ես մասնագետ եմ և այդ դաշտում բավականին ճանաչված, որևէ փոխնախարար անգամ խառնված չի եղել իմ նշանակման գործին։ Բայց մարդիկ կարող էին իմ անունը տալ՝ ճանաչելով իմ մասնագիտական ու մարդկային որակները։ Հետևաբար՝ այս բանսարկությունները պարզապես շատ տհաճ ու ճղճիմ են։

– Կենտրոնի նախկին աշխատակիցները բողոքում են, որ իրենց անհիմն ազատել եք աշխատանքից, Ձեր նշանակումից հետո աշխատակիցների ազատե՞լ եք։

– Նախորդ անձնակազմից մի քանի հոգի աշխատանքից ազատվել են, որոնք նշանակված են եղել նախորդ կառավարության օրոք։ Նրանք ազատվել են իրենց դիմումի համաձայն, որևէ անօրինական ազատում տեղի չի ունեցել։ Եթե նույնիսկ ինքս ինձ կորցնեի և գնայի նման քայլի, չէի կարողանա նման բան անել, քանի որ այսօր բոլորը շատ լավ գիտեն իրենց իրավունքները, և որևէ աշխատակցի համար դժվար չէ խորհրդակցել իրավաբանի հետ կամ կարդալ Աշխատանքային օրենսգիրքը։

Բոլորն ատամները սրած սպասում են, որ վերադասը մի սխալ թույլ տա, որ դատական ճանապարհով հարցը լուծեն։ Եթե մինչև այսօր որևէ մեկը չի բողոքել , դատարան չի դիմել, և, եթե կենտրոնում կա իրավաբան, ով երբեք թույլ չէր տա, որ օրենք խախտվեր, ինչպե՞ս կարող էի չհիմնավորված կադրային ջարդ իրականացնել։

Երբ ինձ այստեղ նշանակեցին, Մշակույթի նախարարությունում ասացի, որ ես արվեստաբան եմ, և, եթե ՊՈԱԿ-ում չլինի իրավաբան, ապա ես չեմ աշխատի՝ ապահովագրելու համար ինձ հնարավոր սխալներից։ Այստեղ ամեն ինչ արվել է օրենքին համապատասխան, ինչը կարող են ստուգել ցանկացած պահի։ Այստեղ աուդիտ եմ հրավիրել, եթե որևէ սխալ արած լինեի, ապա այդ քայլին չէի գնա։

– Իսկ տնօրենի մրցույթը ե՞րբ է կայանալու, և այս պահին կա՞ն այլ թեկնածուներ։

– Ինձ նման տեղեկություն չեն հայտնել, ես կարող եմ և չիմանալ, թե քանի թեկնածու կարող է լինել։ Կարծում եմ՝ մրցույթը կարող է լինել տարվա վերջին։ Շատ հանգիստ պատրաստվում եմ այդ քննությանը՝ առանց որևէ բանի համար մտահոգվելու։ Պաշտոնը հավերժական չէ, հավերժական է մարդու անունը։ Եթե ես այս նոր կառավարության թիմակիցն ու գաղափարակիցն եմ և կիսում եմ Նոր Հայաստանի հեռանկարը, այն մաքրումները՝ բոլոր առումներով, որը մեր երկրում տեղի է ունենում, ապա ինչպե՞ս կարող եմ ինքս դավաճանել իմ սկզբունքներին։ Եթե նշանակված լինեի ծանոթ-բարեկամ սկզբունքով, ապա այստեղ անելիք չէի ունենա։

Իսկ քննությունը պարզապես քննություն է, հնարավոր է՝ անցնեմ կամ չանցնեմ։ Ես մասնագետ եմ, ունեմ բավականին ճանաչում, փորձ, ինձ համար տնօրենի պաշտոնը կյանքի նպատակ չէ, այժմ ինձ համար առաքելություն է դարձել այս հիմնարկը ոտքի կանգնեցնելը։

Նախկին աշխատակիցները խոսում են նաև նախկին տնօրենի մասին՝ ասելով, որ նա լճացրել էր կենտրոնը, նախկին տնօրենից Դուք ի՞նչ ժառանգություն եք ստացել։

– Չեմ ուզում անուններով դատել, քանի որ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը բավականին ճանաչված և պատկառելի տիկին է, եկեք դատենք՝ իբրև նախկին համակարգ, քանի որ նախորդ տնօրենն այդ համակարգի մի մասնիկն էր, այնպես որ՝ որևէ մեկին չպետք է զրպարտել։ Ցավում եմ, որ այս խոսակցությունների պատճառով շոշափվեց Արարատ Միրզոյանի անունը:

Ես ժառանգել եմ սարսափելի հիմնարկ՝ վարչական, տնտեսական, իրավական առումներով՝ սկսած տարրական տնտեսական-կենցաղային խնդիրներից՝ մինչև գործավարության ու թղթաբանության խնդիրներ։ Իմ այստեղ գալուց նախկին ղեկավարն ընդհանրապես չներկայացավ, նեղացանք, բայց դրա վրա աչք փակեցինք։ Հիմնարկի կարևորագույն իրերի՝ թղթերի, կնիքի ընդունում հանձնում նույնիսկ չարվեց։ Հիմնարկը ենթարկվել էր կատարյալ սաբոտաժի, և ամեն ինչ հատուկ արվում էր, որպեսզի ես դժվարությամբ առաջ շարժվեմ։

– Ձեր նշանակումից հետո ի՞նչ աշխատանքներ եք իրականացրել ՊՈԱԿ-ում, կադրերի խնդիր ունե՞ք։

– Այստեղ գույքագրում ենք իրականացրել, որի արդյունքում հայտնաբերել ենք կոպտագույն խախտումներ, գույքի զգալի մասը ներառված չէ հիմնարկի հիմնական միջոցների ցանկում, այսինքն՝ այստեղի միջոցներով գնված մեծ քանակությամբ գույք օդից կախված էր։ Աշխատում ենք, փորձում ենք կարգավորել այս ամենը և գործում ենք միայն իրավական դաշտում։

Մեր կարևորագույն գործառույթը մշակութային է՝ մշակութային արժեքների փորձաքննությունը։ Կարող եմ ամենայն պատասխանատվությամբ և ցավով հայտարարել, որ Հայաստանում փորձագիտական ոլորտը գտնվում է խորը ճգնաժամում, մենք անունդի եզրին ենք։ 13 տարի շարունակ, որպես առանձին ստորաբաժանում՝ գոյություն ունի այս ՊՈԱԿ-ը, իսկ մինչ այդ ևս 10 տարի՝ 1995 թվականից, գոյություն է ունեցել որպես հանձնաժողով՝ ՀՀ մշակույթի նախարարության կազմում։

Այդքան տարիների ընթացքում որևէ ջանք չի գործադրվել կադրեր աճեցնելու ուղղությամբ, այսինքն՝ դաշտը կատարելապես մոնոպոլիզացված է եղել մի քանի ճանաչված ու փորձառու փորձագետների կողմից, և նույնիսկ խախտվել են հիմնարկի կանոնադրական պարտականությունները, այն է՝ կազմակերպել դասընթացներ, որպեսզի ավագ սերնդի փորձառու փորձագետները մասնագետ աճեցնեն։

Բոլորովին վերջերս փորձի փոխանակման հարցերով այցելեցի Մոսկվա և հասցրեցի ձեռք բերել որոշակի պայմանավորվածություններ ռուսական ամենանշանավոր փորձագիտական կենտրոնների հետ։ Այսօր իմ գլխավոր խնդիրը երիտասարդներին խրախուսելն է, որպեսզի գան այստեղ վերապատրաստվեն և հետագայում, որպես երկրում եզակի գործառույթ իրականացնող հիմնարկ, ուսումնամեթոդական ծրագիր մշակեն ու բուհական համակարգ մտցնեն։ Արվեստաբանության ոլորտն առանց շահույթի ոլորտ է, սակայն իրականում ունի ռեսուրս, քանի որ փարձագետը կարող է սեփական ինտելեկտով վաստակել։ Բոլորովին էլ պարտադիր չէ, որպեսզի փորձագետը սպասի պետական սուբսիդիաների, որպեսզի ինչ-որ աշխատավարձ ունենա։

Մենք ունենք բոլոր կանոնադրական և իրավական հիմքերը սեփական ինտելեկտով վաստակելու։ Մտածել եմ մեզ մոտ կազմակերպել դասընթացներ, որին մասնակցող երիիտասարդ մասնագետները մեզ մոտ վերապատրաստում կանցնեն, որի հիմքի վրա մենք իրենց կխոստանանք, որ կհավատարմագրվեն, իսկ հավատարմագրված փորձագետն արդեն պոտենցիալ վաստակել կարողանալու մասնագետ է։

Այստեղ իրավական փոփոխություններ անելու կարիք կա, ուսումնասիրել եմ բոլոր այն իրավական փաստաթղթերը, որոնց հիման վրա գործում է կենտրոնը։ Այս ամենը շատ է հնացել, 10 տարիների ընթացքում Հայաստանը, աշխարհը փոխվել է, բայց կանոնակարգերը հին են մնացել։ Մտածում եմ ՀՀ մշակույթի նախարարության միջոցով դիմել Կառավարությանը որոշակի օրենսդրական փոփոխություններ անելու համար, որոնք մեզ հնարավորություն կտան, որպեսզի մենք ավելի շատ երիտասարդների ներգրավենք և ճկուն միջոցներով նրանց լիցենզավորենք, ինչն էլ նրանց համար խթան կհանդիսանա, որ գան աշխատեն և կառուցեն իրենց կարիերան։

Կանոնադրական փոփոխությունների մեջ շատ կարևոր է, որպեսզի մեր հիմնարկին վերապահվի այնպիսի գործառույթ, որը կանխելու է հայ կերպարվեստի արժեզրկումը կեղծիքների միջոցով։ Այսօր մենք ունենք շատ կարևոր նախադեպ, հայտնաբերել ենք կեղծիք, այս պահին չեմ ուզում բարձրաձայնել, շուտով այդ մասին կհրապարակվի։ Եթե նախկինում ՊՈԱԿ-ն ունեցել է կոռումպացված հիմնարկի համբավ, որը կեղծ եզրակացություններ է տվել այդ առարկաների հետագա արտահանման նպատակով, ապա ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ կանեմ ամեն ինչ՝ կանխելու համար այդ գործընթացը։

Նույնիսկ մեր փորձագետները նման տերմին են հորինել՝ «հետմահու գործեր», այսինքն՝ կան արվեստագետներ, որոնք վաղուց մահացել են, սակայն շուկայում հայտնվել են նորանոր կեղծ գործեր։ Մենք անխնա դրանց դեմ պայքարելու ենք։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս