Տարածաշրջանում բացասական միտումները խորանում են․ ինչ պետք է անի Հայաստանը

«Իրանը Հայաստանի համար հետևանքներ ունեցող որևէ փաստաթուղթ չի ստորագրի»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց իրանցի քաղաքագետ Ալի Սալամին` անդրադառնալով այսօր կնքված Ստամբուլյան հռչակագրում հայկական կողմի համար առկա վտանգներին։

Հիշեցնենք, որ Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները՝ Մոհամադ Ջավադ Զարիֆը, Մևլութ Չավուշօղլուն ու Էլմար Մամեդյարովը, այսօր Ստամբուլում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ հռչակագիր են ընդունել, որում անդրադարձ է կատարվում նաև Արցախի հիմնախնդրին: Հռչակագրում, ի թիվս այլ հարցերի, ընդգծված է բոլոր հակամարտությունների՝ «խաղաղ ճանապարհով ու միջազգայնորեն ճանաչված սահմաններն ու տարածքային ամբողջականությունը պահպանելով կարգավորման անհրաժեշտությունը»: Հատուկ ընդգծվել է արցախյան հակամարտության՝ տվյալ սկզբունքների հիման վրա կարգավորման կարևորությունը:

Ալի Սալամին արձանագրեց, որ տարածաշրջանում բացասական միտումները խորանում են՝ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է դուրս մնալ տարածաշրջանային համագործակցության ծրագրերից՝ դրանցում Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցության ու ԼՂ հակամարտության չկարգավորվածության պատճառով։ Ըստ նրա, կա ինչպես եռակողմ, այնպես էլ՝ քառակողմ ձևաչափ Իրանի, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ, որոնք հիմնականում առևտրատնտեսական ուղղվածություն ունեն, սակայն չեն կարող շրջանցել նաև քաղաքական հարցերը, քանի որ Ադրբեջանը փորձում է առաջ մղել իր շահերը։

«Իրանը ներկայումս կարիք ունի խորացնել իր հարաբերությունները հարևանների հետ՝ հատկապես առևտրատնտեսական ոլորտներում, որքանով դա հնարավոր է ամերիկյան պատժամիջոցների առկայության և նոր պատժամիջոցների սահմանման ֆոնին։

Իրանը բավականին բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում է, որն իր հերթին՝ մեծացնում է տարածաշրջանային ձևաչափերում Իրանի մասնակցության կարևորությունը։ Բայց որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Իրանը բարեկամական և վստահելի հարաբերություններ ունի Հայաստանի հետ, և բավականին խոցելի հարաբերություններ՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Սովորաբար խուսափում է նման ձևաչափերի ընթացքում քաղաքական ենթատեքստից՝ հասկանալով, որ Թուրքիան և Ադրբեջանն առաջ են մղում Հայաստանին էլ ավելի մեկուսացնելու ծրագրեր, որը քաղաքական ճնշման հավելյալ լծակ է Ադրբեջանի ձեռքում։

Իրանը բավականին հայանպաստ դիրքորոշում ունի նաև ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում և չի մասնակցի այնպիսի ձևաչափի կամ ստորագրի մի այնպիսի փաստաթուղթ, որը կարող է հետևանքներ ունենալ Հայաստանի Հանրապետության համար։ Սակայն ՀՀ-ն ևս, հասկանալով այս միտումները, պետք է էլ ավելի մեծ ուշադրություն հատկացնի երկկողմ և հնարավոր այլ բազմակողմ տարածաշրջանային ձևաչափի համագործակցություններին՝ թուլացնելու համար բևեռացման ազդեցությունը։ Այս նպատակը Հայաստանը կարող է իրագործել Իրանի ու Վրաստանի միջոցով, հարկավոր է ամուր համագործակցություն, ծրագրեր, ներդրումներ, և այլն։

Վերջերս կրկին խոսվեց Իրանը ԵԱՏՄ-ին կապելու մասին, այդ ամենի շուրջ աշխատանքն էլ ավելի առարկայական պետք է լինի։ Այսօրվա հռչակագրում կա ամրագրում հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքների մասին, և, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի համապատասխան։ Հաշվի առնելով ձևաչափին Ադրբեջանի մասնակցությունը՝ շեշտը դրվել է տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, բայց Իրանի համար Ադրբեջանի մոտեցումներն անընդունելի են։ Իրանը Հայաստանի համար լուրջ հետևանքներ ունեցող փաստաթղթեր չի ստորագրի»,- ասաց Ալի Սալամին։

Տեսանյութեր

Լրահոս