Ինչու է Ռուսաստանը դեմ Բոլթոնի Ղարաբաղյան «ծրագրերին»

«ԱՄՆ-ն ԼՂ հակամարտության գոտում չի մրցակցելու Ռուսաստանի հետ, բայց փորձելու է ամրապնդել իր ներկայությունը՝ որպես համանախագահ երկիր»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ամերիկացի վերլուծաբան Փոլ Սթրոնսկին՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի երևանյան մեկնաբանություններին ու ՌԴ մեղադրանքներին։

Հիշեցնենք, որ Բոլթոնը Երևանում հայտարարել է, որ ընտրություններից հետո ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում վճռական քայլեր իրականացնելու ժամանակն է։ Իսկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը քննադատում է Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի` Երևանում հնչեցրած հայտարարությունները:

«Օրերս Երևան կատարած այցի ընթացքում ԱՄՆ նախագահի օգնական Ջոն Բոլթոնը հրապարակայնորեն պահանջել է, որպեսզի Հայաստանը միջազգային հարաբերություններում հրաժարվի «պատմական կաղապարներից» (առանձնապես չէր թաքցվում, որ խոսքը Ռուսաստանի հետ ավանդական բարեկամության մասին է): Նա նաև նշել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանից նախաձեռնողական քայլեր է ակնկալում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում»,- նշված էր Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:

«Բոլթոնը, բնականաբար, չմոռացավ նաև գովազդել ամերիկյան սպառազինությունը, որը Հայաստանը պետք է ձեռք բերի՝ ռուսականի փոխարեն»,- ասված էր հայտարարության մեջ:

Բացատրելով Բոլթոնի Ղարաբաղյան մտքերը՝ Փոլ Սթրոնսկին ասաց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի այցը Հայաստան ՀՀ նոր իշխանությունների և Միացյալ Նահանգների առաջին լուրջ շփումն էր, որի ընթացքում քննարկվել են կողմերի համար կարևորություն ներկայացնող բոլոր հարցերը, գլխավորապես՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը։

Սթրոնսկին նշեց, որ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Միացյալ Նահանգները՝ ի դեմս Բոլթոնի, ով ամենալուրջ քաղաքական դերակատարներից մեկն է ԱՄՆ-ում, մատնանշում է մի ժամանակահատված, որը հնարավորություններ է ստեղծում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու համար։

Ըստ նրա, ԱՄՆ համանախագահները ծանոթ են հակամարտության կարգավորման ողջ գործընթացին և բոլոր սուր ընկալումներին՝ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում։

«ԱՄՆ-ը չի նշում, թե ինչպես կարգավորել հակամարտությունը, ինչ քայլեր իրականացնել, Նահանգներն ընդունում է նաև, որ հակամարտության բնույթը բավականին բարդ է, ու կարգավորումը բարդ, ժամանակատար գործընթաց է։ Սակայն Միացյալ Նահանգները, հույս ունենալով, որ նման ազդեցիկ գործչի կողմից այս հարցի բարձրացումը կարող է արդյունավետ լինել, նշում է, որ լինելու է ժամանակահատված, որը բարենպաստ կարող է լինել տարածաշրջանի համար ճակատագրական որոշումներ կայացնելու հարցում, և այդ որոշմանը գուցե պատրաստ լինի նաև Ադրբեջանը՝ հույս ունենալով, որ հակառակորդ կողմը պատրաստ է որևէ քայլի։

Այս հնարավորության մասին ԱՄՆ-ը խոսում է բաց լեզվով, իսկ այն միջնորդները կամ խաղացողները, որոնց հետաքրրքված չեն կարգավորմամբ իրենց լծակները տարածաշրջանում պահպանելու նպատակով, երբեք չեն խոսի կարգավորումից և չեն մատնանշի հնարավորությունները։ Այդ մասին Բոլթոնը ևս խոսեց բավականին բաց տեքստով՝ խորհուրդ տալով շուտափույթ կարգավորել հակամարտությունը, եթե կա ավելի ազատ արտաքին քաղաքականություն իրականացնելու ցանկություն։ Նույն պատճառով ԱՄՆ այս ցանկության հրապարակայնացումը դիտարկվում է՝ որպես ներքին գործերին միջամտություն։ Դուշանբեի համաձայնությունը հրադադարի ռեժիմի պահպանման մասին էր, որը երկարաձգելու է հակամարտության ներկայիս կարգավիճակը։ Սա հնարավորության պահ է, քանի որ կա հանրային աջակցության բարձր մակարդակ ներկայիս իշխանությունների նկատմամբ, բայց, ի վերջո, որոշումը կողմերինն է»,- ասաց Փոլ Սթրոնսկին։

Նա վստահ չէ, որ ընտրություններից հետո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց կլինի։

«Այնուամենայնիվ տարածաշրջանում ավելի ամուր դիրքեր ու ազդեցություն ունի Ռուսաստանը, հենց դրանով են պայմանավորված հոռետեսական գնահատականները։ Միացյալ Նահանգներում էլ կա այդ մտավախությունը, և հակամարտությունը հենց այս տրամաբանությամբ էլ զարգացել է, չեն եղել կարգավորմանը նպաստող քայլեր, այլ միայն՝ ընդհակառակը։ Սակայն կարգավորման մասին պետք է խոսել, որքան էլ որ դա ցանկալի չէ, առանց կողմերին մղելու քայլերի՝ հակամարտության կարգավորումը կհետաձգվի անորոշ ժամկետով։ Կարծում եմ՝ ԱՄՆ ցանկությունները կմնան պարզապես բարի ցանկություններ»,- ասաց Սթրոնսկին։

Նա նշեց, որ Բոլթոնի այցը տարածաշրջան իսկապես չպետք է դիտարկել ԱՄՆ փոփոխված քաղաքականության կոնտեքստում, քանի որ ԱՄՆ-ի համար տարածաշրջանը կարևոր է՝ որպես Իրանի, Ռուսաստանի և Սիրիայի ուղղությամբ քաղաքականության իրականացման գործոն, հարևան տարածաշրջան, որի կարևորությունը դրանով էլ պայմանավորված է։ Բայց այս տարածաշրջանում ԱՄՆ համանախագահությունը ԼՂ հակամարտությունում, նրա խոսքով, ամերիկյան ներկայության գործոններից մեկն է, որին Միացյալ Նահանգները ժամանակ առ ժամանակ անդրադառնում է, իր մոտեցումներն է ներկայացնում։

Ի դեպ, նրա համոզմամբ, ԱՄՆ-ը՝ որպես համանախագահ երկիր, կարող էր էլ ավելի ակտիվ լինել, սակայն այդ հարցով երբեք չի մրցակցել Ռուսաստանի հետ և ապագայում ևս չի փորձելու։

Տեսանյութեր

Լրահոս