Վրաստանում ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի. Ինչ ճանապարհ պետք է անցնի Հայաստանը
Չնայած Վրաստանի նախագահի պաշտոնը ներկայացուցչական է, նախագահական ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը Վրաստանում չի նվազել: Ավելին՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ է անցկացվելու, որում ընդդիմադիր Գրիգոլ Վաշաձեի հաղթանակը կարող է նշանակել միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կուսակցության իշխանության ավարտ:
Կիրակի օրը` հոկտեմբերի 28-ին, Վրաստանում անցկացված վերջին համապետական և ուղիղ նախագահական ընտրությունների արդյունքում նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, որին աջակցում է երկրում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, հավաքել է 50%-ից պակաս ձայն՝ 38,63%, իսկ ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն հավաքել է 37,75% ձայն:
Համապատասխանաբար՝ թեկնածուները դուրս են եկել ընտրությունների երկրորդ փուլ՝ առաջին փուլում չկարողանալով ստանալ ընտրվելու համար հարկավոր 50% ձայն:
Ավելին՝ թեկնածուների ստացած ձայների միջև տարբերությունը 0,9% է: Ձայների տոկոսով երրորդ հորիզոնականում է հայտնվել «Եվրոպական Վրաստան» կուսակցությունից թեկնածու Դավիթ Բաքրաձեն, ով ևս ընդդիմադիր է, չորրորդ հորիզոնականը զբաղեցնում է Շալվա Նաթելաշվիլին, իսկ հինգերորդ հորիզոնականում Զուրաբ Ջապարիձեն է:
Վրաստանում նախագահական ընտրություններին մասնակցությունը եղել է 46,74%, այսինքն` քվեարկել է 1 մլն 637 956 մարդ: Ընտրողների ընդհանուր թիվը 3 581 877 էր: Նշենք նաև, որ 2017 թ. անցկացված սահմանադրական բարեփոխումների համաձայն՝ 2024 թ. Վրաստանի նախագահ է ընտրելու ընտրիչների հատուկ հանձնաժողովը:
«168 Ժամի» հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ ճիշտ էին մի շարք վերլուծաբանների, այդ թվում՝ իր կասկածներն ընտրությունների արդյունքների վերաբերյալ, քանի որ իսկապես անկանխատեսելի, բավականին «կեղտոտ» ընտրապայքար էր ծավալվել, որի ընթացքում ցանկացած աղմկահարույց միջադեպ թեկնածուներից մեկի կամ նրան սատարող ուժի շուրջ ակնթարթորեն շրջվում էր ընդդեմ այդ թեկնածուի: Ըստ նրա, այս ընտրությունների միջավայրն էր այդպիսին, ու չնայած սպասումներին, որ հանգիստ ընտրական գործընթաց է լինելու, ընտրապայքարը ծավալվեց թեժ, և այն թեժացրին հենց սատարող կուսակցությունները, ասես հենց նրանք են առաջադրված:
«Կուսակցությունների ստեղծած ինտրիգները, հետաքրքրվածությունը ցույց տվեցին, որ այս պաշտոնը, թեև առանց լուրջ լիազորությունների, դիտարկվում է՝ որպես կարևոր պաշտոն, որովհետև կան հույսեր, որ այս պաշտոնի միջոցով կարելի է սկիզբ դնել երկրում իշխանափոխության, որը հասկանում է իշխանությունը: Այս ընտրությունները հանրային տրամադրությունների և 2020թ. կայանալիք խորհրդարանական ընտրությունների հնարավոր արդյունքների մոտավոր ցուցիչն էին: Բայց տրամադրությունների մասին ևս խոսեմ, կային տրամադրություններ մինչ ընտրությունները՝ ընդդեմ իշխանության, և պարզ էր, որ չնայած ադմինիստրատիվ ռեսուրսի առկայությանը՝ իշխանության սատարումն ունեցող թեկնածուն կանցնի նվազագույն շեմով, սակայն դա ևս տեղի չունեցավ, որովհետև շատերը հակված չէին նրան կամ իշխող ուժի ներկայացուցչին ընտրել:
Ողջ ընտրապայքարի ընթացքում կողմերը միմյանց հարձակումների են ենթարկել, կոմպրոմատներ օգտագործել, սև PR-ի տեխնիկա, և դա ունեցել է որոշակի ազդեցություն: Երկրորդ փուլը կանխատեսելի էր, և կողմերը ցանկանում էին երկրորդ փուլ`ընդդիմությունը՝ էլ ավելի երկար արշավ տանելու, իսկ իշխանությունը՝ նախագահի պաշտոնը Զուրաբիշվիլիին դժվարությամբ հասնելու համար, որպեսզի նա ավելորդ հավակնություններ չունենա: Օրինակ` Մարգվելաշվիլին հաղթանակեց «Վրացական երազանքի» աջակցությամբ, սակայն հետո դարձավ անկախ»,- ասաց Գոգոլաշվիլին:
Վերջինս երկրորդ փուլի ընթացքում չի բացառում ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության հաղթանակը: «Հակված եմ կարծել, որ Զուրաբիշվիլին ավելի շատ ձայներ կստանա երկրորդ փուլում, եթե նոր կոմպրոմատներ և ինտրիգներ չլինեն»,- ասաց նա:
Իր հերթին՝ վրացի քաղաքագետ Սոսո Ցինցաձեն ասաց, թե սրանք հերթական ընտրություններն էին, որոնք ապացուցեցին, որ Վրաստանն ընթանում է ժողովրդավարական ճանապարհով, և այս երկրում ընտրությունների միջոցով փոփոխություններ հնարավոր են, ինչն ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է: Ընտրությունների այս արդյունքները, նրա խոսքով, Վրաստանի պատմության և ապագայի համար մեկ այլ կարևոր հարց որոշակիացրեցին` Սահակաշվիլիի նկատմամբ վերաբերմունքի հարցը: «Ընդդիմադիր թեկնածուն հայտարարել է ընտրվելու դեպքում Սահակաշվիլիին Վրաստան վերադարձնելու մասին, այսինքն` հասարակության մի մեծ հատված դա ցանկանում է, դրան սպասում է, և երկրորդ փուլի արդյունքում դա գուցե հնարավոր դառնա: Սա շատ ուշագրավ հանգամանք է»,- նկատեց Սոսո Ցինցաձեն:
Նրա խոսքով, երկրորդ փուլ կանցկացվի, և դրա արդյունքները ևս անկանխատեսելի են թվում: «Ոչինչ չի բացառվում: Բայց Սալոմե Զուրաբիշվիլիի հնարավորություններն ավելի բարձր եմ գնահատում, նա կստանա այն ձայները, ինչ ստացավ առաջին փուլում չնչին տարբերությամբ: Չեմ կարծում, որ մի քանի օրում էականորեն փոխվեն հանրային տրամադրությունները, կամ մասնակցությունն ընտրություններին բարձրանա»,- ասաց նա:
Անդրադառնալով այն զուգահեռներին, որոնք տարվում են այս օրերին Հայաստանի և Վրաստանի քաղաքական և ընտրական գործընթացների միջև` Սոսո Ցինցաձեն ասաց, որ, ի վերջո, Հայաստանում ևս, ինչպես վերջին ավագանու ընտրությունները ցույց տվեցին՝ քվեարկությունն արտացոլեց իրական հանրային տրամադրությունները:
«Կարծում եմ` առաջիկայում ևս այդպես կլինի: Սակայն կարևոր է, որ հեղափոխությանը հաջորդող ժամանակաշրջանում քաղաքական համակարգը վերականգնվի, և հանրային տրամադրություններն իրենց տեղն ընկնեն, և հաստատվի իրական ժողովրդավարական քաղաքական գործընթաց: Վրաստանը կարող է օրինակ լինել հարևան Հայաստանի համար: Ներկայիս վերելքի պայմաններում հանրությունը մեծ աջակություն է ցուցաբերում արդեն իշխող ուժին, բայց ժողովրդավարությունը ենթադրում է առողջ մրցակցություն, առողջ տրամադրություններ, և, ինչպես Վրաստանին, այնպես էլ՝ Հայաստանին, ժամանակ է հարկավոր, որպեսզի ընտրություններն առանց կաշկանդվելու հնարավոր լինի կոչել ժողովրդավարական, ժամանակ է հարկավոր, որպեսզի հասարակությունը հասկանա, թե ինչ փոփոխություն է տեղի ունեցել, և որքանով է այն հեռանկարային:
Սակայն պետք է նշել, որ մեծ ձեռքբերում էր, որքան ես կարողացա հետևել, դիտարկումներն այն մասին, որ չնայած կոշտ ընտրապայքարին և կիրառված հռետորաբանությանը, անցան հանգիստ մթնոլորտում՝ առանց խախտումների, ինչպես նախորդ ընտրություններում: Սա կարևոր մեկնարկ էր հետագա ժողովրդական գործընթացները խորացնելու համար:
Դա կնպաստի նաև տարածաշրջանի կայուն զարգացմանը, քանի որ տարածաշրջանում կլինեն իսկապես ժողովրդավարական երկրներ, որը կնպաստի այս վտանգավոր տարածաշրջանում կայունության և ավելի բարձր անվտանգության հաստատմանը, երկկողմ կապերի խորացմանը, քանի որ այդ տարբերությունները լրջորեն խոչընդոտում են երկկողմ հարաբերությունների զարգացումը: Հուսանք, որ այն բացը, որը կա հայ-վրացական հարաբերություններում, կարող է լրացվել նաև՝ շնորհիվ քաղաքական համակարգերի զարգացման և երկու երկրների ասոցիացման»,- ասաց Ցինցաձեն: