«Անցումային արդարադատության փոխարեն՝ մասնագիտացված դատարան». Գագիկ Հարությունյանի  առաջարկը

Դեռևս օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության 100-օրյա գործունեությունն ամփոփելու ժամանակ հայտարարել էր, որ, եթե լինեն դատավորներ, որոնք կշարունակեն հրահանգներ ստանալ նախկին իշխանություններից, ապա կստեղծի անցումային արդարադատություն։

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ն. Փաշինյանի այդ հայտարարությանը՝ նշեց, որ հնարավոր չէ կարծիք արտահայտել մի բանի մասին, որը չգիտի, թե ինչ է։

«Այսինքն, խնդիրը, որը գոյություն ունի, հետևյալն է, անցումային իրավիճակներում ծագում են նոր խնդիրներ, որոնք համակարգային կամ լայն ընդգրկող բնույթ ունեն, որոնք պահանջում են լուծման իրենց գործիքակազմը։ Տարբեր երկրներում այդ խնդիրներն ունեցել են տարբեր բնույթ, այդ պատճառով էլ դիմել են տարբեր քայլերի»,- ասաց Գ. Հարությունյանը։

Նրա բնորոշմամբ, անցումային արդարադատությունն ավելի շատ հասարակական համերաշխության խնդիր է լուծել և փորձել է ներդաշնակել իրավունքների համատարած պաշտպանության նոր որակ ապահովել, և այլն։
Գագիկ Հարությունյանի խոսքով՝ եվրոպական երկրներում արդարադատական այդ մոտեցումները եղել են սահմանադրական պատասխանատվության բարձրացման ուղղությամբ։

«Եթե Ֆրանսիայի, Հոլանդիայի, Բելգիայի նման երկրները 1861 թվականին ընդունել են Սահմանադրություն և 1998 թվականին կատարել լուրջ փոփոխություն, ինչո՞ւ մենք այդ ամենին բավարար ուշադրություն չդարձնենք։ Ահա այստեղ է, որ անունը կդնենք անցումային, թե անցումային իրավիճակով թելադրված խնդիրների լուծման անհրաժեշտ գործիքակազմի մշակում կամ արդարադատական համակարգի, դրանից էությունը չի փոխվում, որովհետև լուծման ձևը պայմանավորված է լուծելիք խնդրի բովանդակությամբ»,- շեշտեց Գ. Հարությունյանը։

Նրա կարծիքով՝ կարելի է ստեղծել մասնագիտացված դատարան՝ հակակոռուպցիոն կամ սահմանադրական պատասխանատվությամբ, և սահմանել դրա կառուցակարգային լուծումները և փոխհարաբերությունները։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս