
Եվրամիությունը գործարկեց քվանտային համակարգչի ստեղծման ծրագիրը

Եվրամիությունը գործարկել է 1 մլրդ եվրո ծավալով քվանտային տեխնոլոգիաների զարգացման ծրագիրը եւ նպատակ է դնում Եվրոպան առաջիկա տարիներին աշխարհի առաջատարը դարձնել այդ ոլորտում: Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովը:
Նախաձեռնությունը գործարկվել է Վիեննայում կայացած միջոցառմանը, որը կազմակերպվել էր ԵՄ-ի խորհրդում ավստրիական նախագահության կողմից: «Ծրագիրը հաջորդ տասը տարվա ընթացքում կֆինանսավորի քվանտային տեխնոլոգիաների 5 հազարից ավելի եվրոպացի առաջատար հետազոտողների եւ կձգտի Եվրոպան դարձնել երկրորդ քվանտային հեղափոխության առաջատարը»,-ասված է Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ:
Որպես երկարաժամկետ խնդիր է դրված Եվրոպայում այսպես կոչված քվանտային ցանցի ձեւավորումը, որում միմյանց հետ կապված կլինեն այդ տեխնոլոգիայի վրա հիմնված համակարգիչները ու հաղորդակցական ցանցերը: Սկզբնապես պլանավորվում է 132 մլն եվրո ընդհանուր գումարով 20 նախագիծ ֆինանսավորել «Հորիզոն-2020» ծրագրի շրջանակներում, իսկ 2021 թվականից սպասվում է եւս 130 նախագծի ֆինանսավորում: Ընդհանուր բյուջեն կարող է հասնել 1 մլրդ եվրոյի:
«Քվանտային տեխնոլոգիաների ֆլագման» նախաձեռնությունը» կդառնա ապագայում քվանտային տեխնոլոգիաների զարգացման գործում առաջատարության գծով Եվրոպայի ռազմավարության անկյունաքարը: Քվանտային համակարգիչները կարող են զգալիորեն մեծացնել հաշվարկների արագությունը, եւ Եվրոպային անհրաժեշտ է միավորել իր ջանքերը առաջին ֆունկցիոնալ քվանտային համակարգիչների համար շարունակվող մրցավազքում»,-հայտարարել է թվային տնտեսության եւ հասարակության հարցերով եվրակոմիսար Մարիա Գաբրիելը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: